Բելառուսի հարցերը «լուծելը» չէ Հայաստանի խնդիրը.Մեկնաբան

08-02-2017 16:47:43   | Հայաստան  |  Հոդվածներ

Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել «ինքնաբուխ» քննարկում, ելույթներ, որոնց հեղինակները անդրադարձել են բլոգեր Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի քայլին: Խորհրդարանում ներկայացված գործնականում բոլոր ուժերը դատապարտել են Բելառուսի որոշումը, ինչն իհարկե տրամաբանական է եւ նաեւ զարմանալի չէ: Ավելի ուշագրավ են իհարկե մոտեցումները, որոնցով հանդես են եկել խորհրդարանում ներկայացված ուժերը:

Դրանցում թերեւս ամենից ուշագրավը իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անդրադարձն է, հաշվի առնելով այն, որ խոսքը հենց իշխող մեծամասնության աձագանքն է: Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ոչ թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից՝ դրա անդամ Բելառուսի վերոհիշյալ քայլին ի պատասխան, այլ ՀԱՊԿ-ից պետք է հեռանա Բելառուսը: «Սա է մեր դիրքորոշումը», հայտարարել է ՀՀԿ խորհրդարանի խմբակցության ղեկավարը:

Ի՞նչ է նշանակում «սա է մեր դիրքորոշումը», դեռեւս այդքան էլ պարզ չէ: Դա զուտ խորհրդարանական խմբակցությա՞ն, թե ՀՀԿ պաշոնական դիրքորոշումն է, կամ առավել եւս ՀՀ դիրքորոշումը: Այսինքն, արդյոք Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը մտադիր է բարձրացնել ՀԱՊԿ-ին Բելառուսի անդամության նպատակահարմարության խնդիրը:

Դժվար է անել եզրակացություն, որ Երեւանն ունի այդպիսի որոշում, բայց որ մտադրություն ունի, թերեւս Բաղդասարյանի հայտարարությունը վկայում է այդ մասին: Բայց անկասկած է, որ ամեն ինչ որոշելու է Սերժ Սարգսյանը՝ թե ինչպես պետք է արձագանքի Երեւանը Բելառուսի քայլին:

Իրավիճակը իսկապես բարդ է, բազմաշերտ, որտեղ շոշափվում են մի շարք պետությունների շահեր եւ փոխհարաբերություններ:

Այդ իրավիճակում Հայաստանի համար առանցքային է մի խնդիր՝ չդառնալ գործիք Բելառուսի դեմ: Այն, որ Հայաստանը պետք է արտահայտի իր վերաբերմունքը Բելառուսի որոշմանը՝ աներկբա է: Աներկբա է, որ վերաբերմունքը պետք է լինի կոշտ եւ հստակ: Բայց կասկածից վեր է նաեւ, որ Հայաստանը պետք է արտահայտի իր վերաբերմունքը, սակայն չդառնա այլ պետության վերաբերմունքի արտահայտման գործիք:

Իսկ ռիսկը այդտեղ առկա է, հատկապես հաշի առնելով ռուս-բելառուսական հարաբերության ներկայիս լարվածությունը, որն արտահայտվեց փետրվարի 3-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մամուլի ասուլիսով եւ դրանում հնչած հայտարարություններով: Միեւնույն ժամանակ, ամբողջությամբ պարզ չեն ռուս-բելառուսական լարվածության այդ խորությունն ու բուն շարժառիթները, եւ չի բացառվում, որ Մոսկվան պարզապես Բելառուսի միջոցով փորձում է սադրել ՀԱՊԿ եւ ԵՏՄ ապակազմակերպում կամ գուցե վերակազմակերպում:

Ըստ այդմ, հավանական կարող է լինել եւ այն, որ սադրանքի մեջ ներքաշվում է նաեւ Հայաստանը, մասնավորապես ՀԱՊԿ-ին Բելառուսի անդամակցության դադարեցման հարց բարձրացնելով:

Առաջին հայացքից թվում է, որ Հայաստանի թե տնտեսական, թե քաղաքական ռազմավարական հեռանկարի եւ շահի հետ որեւէ ընդհանրություն չունեցող այդ դաշինքների ապամոնտաժումը բխում է Հայաստանի շահից:

Բայց, երբ Հայաստանն այդ հարցում ներգրավվում է այլ սցենարի, այլ խաղի շրջանակում, չունենալով սեփական սցենարն ու ընդամենը փորձելով օգտվել հնարավորությունից, դա չի կարող ունենալ հեռանկար, կամ հեռանկարում կարող է ունենալ նոր վտանգներ, որովհետեւ պարզ չէ, թե հետո ինչ խաղ կարող է առաջարկվել կամ պարտադրվել Հայաստանին:

Ըստ այդմ, Հայաստանը պետք է բարձրացնի ոչ թե Բելառուսին, կամ ՀԱՊԿ ու ԵՏՄ որեւէ կոնկրետ անդամի առնչվող խնդիրներ, առավել եւս անդամակցությանը վերաբերող, այլ պետք է ստեղծված իրավիճակում փորձի նախաձեռնել կամ առաջ տանել սեփական խաղն ու սցենարը, այդ կառույցների առաջ բարձրացնելով խաղի կանոններին վերաբերող հարցեր՝ որեւէ առանձին անդամի գործողությունից դուրս: Առավել եւս, որ զուտ իրավական տեսանկյունից տեղի ունեցողն ավելի շատ պետք է հուզի թերեւս Ռուսաստանին, քանի որ Ադրբեջանին պատանդառության է տրվել հենց Ռուսաստանի քաղաքացին:

Այդպիսով, անելով ամեն ինչ գործիք դառնալուց խուսափելու համար, Հայաստանը պետք է փորձի ինքը գործիք դարձնել ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամների միջեւ առկա իրավիճակն ու դրա հերթական աղմկոտ դրսեւորումը, փաստացի առաջ դնելով ոչ թե Բելառուսին, այլ կոնկրետ դաշնակցային կառույցները, որի մյուս անդամները մեղմ ասած հետ չեն մնում Ադրբեջանի հետ գործակցության այնպիսի ծավալներից, որոնք շոշափում են Հայաստանի շահն ու անվտանգությունը:

Այլ կերպ ասած, Հայաստանը պետք է իր պատասխան գործողություններն ուղղի ընդհանուր միջավայրային խնդիրների շեշտադրմանը, որովհետեւ Բելառուսի հարցերը «լուծելը» չէ Հայաստանի խնդիրը, Հայաստանի խնդիրը պետք է լինի ընդհանրապես իրեն վերաբերող հարցերի լուծումը, որոնցում զուտ Բելառուսի հարցը շատ փոքր է՝ առկա մարտահրավերների ֆոնին:

Հայաստանը խոշոր հաշվով պետք է փորձի Բելառուսը դարձնել «գործիք», եւ այդ իմաստով Լապշինի գործը տալիս է դրա հնարավորությունը, տալիս է այն բումերանգի վերածելու հնարավորությունը: Պետք չէ շեփորել պարտություն կամ տապալում եւ ձեռնամուխ լինել հաշիվներ մաքրելու, ինչը մեծ հաշվով ունենալու է «կարտոֆիլ մաքրելու» էֆեկտ:

Հայաստանն ունի պատասխանի անհրաժեշտություն, բայց այն պետք է լինի ասիմետրիկ:

lragir.am

 


Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից