Ծառուկյանը որոշել է վերադառնալ կուսակցության նախագահի պաշտոնին

08-02-2017 17:02:38   | Հայաստան  |  Հոդվածներ

Հրապարակ օրաթերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ որսի ընթացքում փորձել է համոզել նրան, որ ընտրությանը մասնակցի միայն ԲՀԿ կուսակցական ցուցակով, ոչ թե դաշինքով, քանի որ հայտնի չէ, թե դաշինքի անդամ այլ ուժերը ինչպես կպահեն իրենց հետագայում: Ծառուկյանը, ըստ թերթի, կարծես թե չի համաձայնել:

Միեւնույն ժամանակ, նախօրեին եղավ ուշագրավ տեղեկություն: ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ փետրվարի 10-ի կուսակցական համագումարում վայր է դնելու իր լիազորությունը, իսկ կուսակցության նախագահ է դառնալու Գագիկ Ծառուկյանը, քանի որ ԲՀԿ եւ Ծաուկյան անունները անքակտելի են:

Երբ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին, որեւէ խոսակցություն չեղավ, որ նա վերստին գլխավորելու է ԲՀԿ-ն: Ավելին, Ծառուկյանը հայտարարեց, թե գալիս է լայն կոնսոլիդացիայի համար: Դա «վերկուսակցական» վերադարձի հայտ էր, սակայն այժմ պարզվում է, որ Ծառուկյանը դառնալու է կուսակցության նախագահ: Միեւնույն ժամանակ հետաքրքիր էր, որ Ծառուկյանը թույլ չտվեց իր դաշինքին միանալ ռամկավարներին, ասելով, թե նրանց հայաստանյան եւ սփյուռքյան կառույցները կռվում են, իսկ իր նպատակը միավորելն է, ոչ թե այլ ուժերի միջեւ կռիվ գցելը:

Հետաքրքիր է, թե արդյոք նա նույնը կանի նաեւ սոցիալ-դեմոկրատ հնչակների պարագայում, քանի որ այստեղ էլ կարծես թե կա նույն անունից հանդես եկող առնվազն երկու սուբյեկտ: Ընդ որում, նրանցից մեկը ներկայացնում է գործիչ, ով վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն էր այն ժամանակ, երբ Սարգսյանն ու Ծառուկյանը ակնհայտ դիմակայության մեջ էին, երբ ոչիշխանական բեւեռը գրոհում էր Տիգրան Սարգսյանի դիրքերը, իսկ Տիգրան Սարգսյանը խոսում էր օլիգարխիան քանդելու անհրաժեշտության մասին:

Չէ՞ որ կարող է քանդվել նաեւ Ծառուկյան դաշինքը: Այդ տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանի հորդորը Ծառուկյանին միանգամայն տրամաբանական է: Այսինքն, նա կարող է խորհրդարան մտնել մի կազմով, իսկ հետո հանկարծ պարզվի, որ այդ կազմն իրականում Ծառուկյանինը չէ, եւ իրական դաշինքը լինի ՀՀԿ հետ:

Բայց, բանն այն է, որ Ծառուկյանն այլեւս «լայն կոնսոլիդացիայից» նահանջի ճանապարհ չունի եւ ընդամենը փորձում է բարիկադավորվել, դառնալով ԲՀԿ նախագահ եւ փորձելով այդ կոնսոլիդացիայի բաղադրության մեջ հնարավորինս բարձրացնել հենց ԲՀԿ դերը, ինչի համար էլ որոշել է վերադառնալ կուսակցության նախագահի պաշտոնին, քանի որ պարզ է, որ դաշինքից, ի վերջո, Ծառուկյանին կմնա թերեւս ԲՀԿ-ն:

Բայց, հնարավոր է, որ նրան ավելին պետք էլ չէ, եւ նա խորհրդարանի ընտրությանը կմասնակցի «կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն» սկզբունքով, պահելով իրենն ու տալով Սերժ Սարգսյանինը: Առավել եւս, որ ոչիշխանական բեւեռի պատմությունը, բեւեռի «կյանքն ու մահը» Ծառուկյանի համար անկասկած պարզորոշ դարձրին, որ ավելիին հավակնելը իր համար նաեւ ռիսկային է: Մինչդեռ, Ծառուկյանը քաղաքականության մեջ է իր ռիսկերը նվազեցնելու, ոչ թե ավելիին հավակնելու համար: Նա եղածի, ոչ թե ավելիի համար է քաղաքականության մեջ:

lragir.am

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից