Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին.Արփինե Հովհաննիսյան


Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին.Արփինե Հովհաննիսյան

  • 08-02-2017 17:11:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին և միջազգային իրավունքի տարրական սկզբունքներին: Այս կարծիքին է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս Yerkir.am-ի հետ զրույցում պատասխանել է հայտնի բլոգերի արտահանձնմանն ու գործի իրավական հետևանքների վերաբերյալ հարցերին:
 
-Արդյո՞ք Բելառուսը Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որևէ իրավական հիմք ուներ:
 
-Միանշանակ, կարելի է հայտարարել, որ՝ ոչ: Իրավական տեսանկյունից որևէ հիմք Բելառուսը չի ունեցել, և դա ակնառու է դառնում նաև այն փաստաթղթերից ու հիմնավորումներից, որոնք մենք հնարավորություն ենք ունեցել տեսնելու: Ըստ էության, նրա նկատմամբ երկու հոդված է կիրառվել. խոսքն առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանի սահմանը ապօրինի կերպով հատելուն և հրապարակային կոչեր անելուն, որոնք ուղղված են տվյալ դեպքում Ադրբեջանի ազգային անվտանգության դեմ, ընդ որում, երկու դեպքում էլ շատ ծիծաղելի ծանրացնող հանգամանք է դրված:
 
Խոսքը վերաբերում է կազմակերպված խմբի հետ այդ ամբողջն իրականացնելուն: Ակնհայտ է, որ այնտեղ ոչ մի խումբ չի եղել և ոչ էլ հրապարակային կոչեր են եղել, և որակումը տրված է բացառապես պատիժն ավելի ծանրացնելու համար: Անդրադառնալով իրավական հիմքերին՝ նախ նշեմ, որ Բելառուսը չի միացել այն կոնվենցիաներին, որոնք այս ոլորտում տարածված կիրառում ունեն:
 
Խոսքը վերաբերում է, թե՛ արտահանձնման, թե՛ դատապարտյալների փոխանցման վերաբերյալ ստրասբուրգյան կոնվենցիաներին, կամ նույնիսկ ԱՊՀ շրջանակներում գործող «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. ստորագրված Մինսկի կոնվենցիային: Նրանց միջև հանձնումը կարող էր տեղի ունենալ բացառապես նույնանուն, սակայն 2002թ. ստորագրված Քիշնևի կոնվենցիայի հիման վրա, և հենց դա է վկայում Բելառուսի Հանրապետության դատախազության հանձնման մասին որոշումը, ըստ որի՝ հանձնման միջնորդությունը ներկայացվել է ադրբեջանական կողմից՝ հղում կատարելով հենց Քիշնևի Կոնվենցիային:
 
Վերջինս պայմաններն է առաջ քաշում: Առաջինը՝ այն հանցագործությունները, որոնց համար մի կողմը մյուս կողմից պահաջում է տվյալ անձին, ըստ էության, պիտի պատժելի լինեն երկու երկրների քրեական օրենսդրությամբ: Երկրորդը վերաբերում է սահմանը հատելուն: Եթե ուշադրություն դարձնեք, Ադրբեջանի և Բելառուսի քրեական օրենսգրքերում խոսքը վերաբերում է հենց այդ երկրների սահմանը հատելուն:
 
-Այսինքն, Բելառուսում քրեորեն պատժելի է Բելառուսի սահմանը հատելը, ոչ թե՝ Ադրբեջանի:
 
-Այո, հետևապես, չկա հանցագործություն Բելառուսում: Շատ հետաքրքիր, ես կասեի քրեական իրավունքի դասական սկզբունքներին հակասող մոտեցում կա նաև նրանց գլխավոր դատախազության որոշման մեջ, որում շատ զավեշտալի ձևակերպում է արված, որ կա հանցագործության հանցակազմի առանձին հատկանիշների նկարագրության անհամապատասխանություն: Այսինքն, դատախազությունն ընդունում է, որ կա հանցակազմի և իրավաբանական որակման միջև անհամապատասխանություն: Իսկ քրեական իրավունքի դասական կանոններն ասում են, որ արարքի իրավաբանական որակումը և հանցակազմի հատանիշները պիտի մեկին մեկ համապատասխանեն, եթե այդպես չի՝ հանձնել չի կարելի:
 
Օրինակ, Հայաստանի պրակտիկայում եղել է դեպք, երբ հատվել է այլ երկրի պետական սահամանը և մեզանից պահանջել են հանձնել դատապարտյալին. անձը չի հանձնվել, որովհետև Հայաստանում ուրիշ երկրի սահմանը հատելը պատժելի չէ:
 
Իսկ Բելառուսի գլխավոր դատախազությունն իր որոշման մեջ նշել է, որ հանցագործության առանձին տարրերի կամ արարքի որակման անհամապատասխանությունը չի կարող հիմք հանդիսանել հանձնումը մերժելու համար, քանի որ պետք է գնահատվեն արարքի փաստական հանգամանքերը, որոնք պատժելի են երկու երկրների օրենսդրությամբ:
 
Բայց Քիշնևի Կոնվենցիայի 89-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի համաձայն հանձնումը չի կատարվում, եթե ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը կապված է ի թիվս այլոց՝ նաև քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու հետ: Համանման դրույթ է պարունակում նաև Բելառուսի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 484-րդ հոդվածի 1-ին մասի 4) կետը, համաձայն որի, հանձնման վերաբերյալ հարցումը չի կատարվում, եթե նման խնդրանքի նպատակը անձի հետապնդումն է քաղաքական հայացքների համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, Բելառուսի գլխավոր դատախազության որոշման մեջ նշված հիմքերը տեղ չեն գտել:
 
-Ինչպե՞ս պետք է հիմնավորվի, որ Լապշինի նկատմամբ քաղաքական հետապնդում է իարկանացվում:
 
-Լապշինին վերագրվող քրեական հանցագործությունները միջազգային պրակտիկայում ընդունված է համարել որպես քաղաքական հանցագործություններ, ու չնայած եվրոպական պետություններից քչերն են հատուկ նշում այս կամ այն քրեական հոդվածի վրա քաղաքական հանցագործություն բառերը, բայց ընդունված է համարել, որ քաղաքական են հանդիսանում այն արարքները, որով հաշվի է առնվում հանցագործության օբյեկտը և կատարած արարքի հետևանքները, այսինքն՝ արարքը պետք է ուղղված լինի պետության կամ դրա ինստիտուտների գործունեության դեմ, կամ տվյալ պետության քաղաքացիների դեմ, որոնք կապված են տվյալ պետության կամ դրա ինստիտուտների գործունեության հետ (այսինքն քաղաքական գործիչների դեմ հանցագործություն):
 
Ակնառու է, որ սա բացահայտ, կոպիտ խախտում է ոչ միայն այդ կովենցիան, որը գործում է երկու երկրների միջև, այլև հենց նույն Բելառուսի քրեական դատավարության օրենսգիրքն ու քրեական օրենսգիրքը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը