Ակցիա դեսպանատան դիմաց. «Բելառուսի դեսպանը պետք է հեռանա» կարգախոսով


Ակցիա դեսպանատան դիմաց. «Բելառուսի դեսպանը պետք է հեռանա» կարգախոսով

  • 08-02-2017 18:16:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Նիկոլ Փաշինյանի առաջարկով հավաքվածները սկսեցին վանկարկել «Հեռացիր, հեռացիր», «Ազատ անկախ Արցախ» եւ վերջում «Միացում, միացում»: Այսքանով բողոքի ակցիան ավարտվեց:
 
15:40 Իր խոսքն ավարտելուց հետո, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ դեսպանատան մուտքին, սեղմեց զանգն ու ասաց. «Ձեզ անհանսգտացնում է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը»: Դեսպանատան աշխատակիցը բարձրախոսի միջոցով նախ՝ ներողություն խնդրեց, ապա առաջարկեց ռուսերենով խոսել:
 
«Ինչո՞ւ, դուք հայերեն չգիտե՞ք»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: Աշխատակցուհին խնդրեց ռուսերենով խոսել: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Դեսպանատանը հայերեն իմացող չկա՞, ձեզ անհանգստացնում են ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ..»: Դեսպանատան աշխատակցուհին կրկին խնդրեց ռուսերենով խոսել, ապա ասաց, «Խնդրում եմ, ռուսերեն խոսեք, ես ձեզ չեմ հասկանում»: Նիկոլ Փաշինյանն անցավ ռուսերենի, սակայն աշխատկցուհին մեխանիկորեն կրկնեց. «Խնդրում եմ ռուսերեն խոսեք»: Փաշինյանը պարզաբանեց, որ ինքը ռուսերեն է խոսում եւ հարցրեց. «Դեսպանատանը կա՞ մարդ, ով հասկանում եւ խոսում է հայերեն»:
 
Բացասական պատասխան ստանալուց հետո նա ռուսերենով շարունակեց. «Ես ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն եմ, այստեղ է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Հանրապետական» կուսակցությունից ներկայացուցիչ՝ Արամ Սարգսյանը, այստեղ են քաղաքացիական ակտիվիստներ: Մենք ուզում ենք տեսնել դեսպանին»: Դեսպանատան աշխատակցուհին փոխանցեց, որ դեսպանը տեղում չէ: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք տեղում է փոխդեսպանը կամ դեսպանատան քարտուղարը: Հարցին պատասխանելու փոխարեն նրան առաջարկվեց նամակը գցել փոստային արկղը: Դեսպանատան աշխատակցուհին այնուհետեւ նշեց նաեւ, որ պաշտոնական ներկայացուցիչ շենքում չկա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ պահին ակցիա է իրականացվում դեսպանատան դիմաց եւ խնդրեց փոխանցել դեսպանին, որ նա կարճ ժամանակահատվածում լքի Հայաստանը: Դեսպանատան աշխատակցուհին Նիկոլ Փաշինյանին առաջարկեց նամակ գրել:
 
Փաշինյանն այս առաջարկին ի պատասխան ասաց, որ երբ դեսպանը նորությունները կարդա, ապա իրենց մեսիջը տեղ կհասնի: Այսքանով նրանց երկխոսությունն ավարտվեց:
 
15:37 Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ դեսպանատան դիմաց ընթերցեց «Ելք» դաշինքի հայտարարությունը, որից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ պետք է Հայաստանը լրջորեն գնահատի ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամությունը, քանի որ միջազգային շատ ատյաններում ՀԱՊԿ անդամ երկրները շատ դեպքերում քվեարկում են հօգուտ Ադրբեջանի եւ ընդդեմ Հայաստանի: Այդ երկրների ցանկում է նաեւ Բելառուսը: «Մենք գիտեք, որ Ղազախստանը, Բելառուսը վստահաբար Ադրբեջանի հետ ավելի ռազմավարական եւ դաշնակցային հարաբերություններ ունեն, քան Հայաստանի հետ: Մենք տեսանք դրա երեւույթներն ապրիլյան պատերազմին, երբ ԵԱՏՄ-ն Հայաստանում նախապես պլանավորված նիստը չեղյալ հայտարարեց, հիմա` այս քայլը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 
 
Անդրադառնալով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության արձագանքին, որ քայլեր արվում են, որոնք չեն կարող հրապարակային լինել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շատ ճիշտ են ասում: Քայլերը չեն կարող հրապարակային լինել, բայց մենք հիմա տեսնում ենք այդ ոչ հրապարակային քայլերի հրապարակային արդյունքը, երբ Լապշինին «Ադրբեջան» մակագրությամբ օդանավից իջեցնում են զինված, դիմակավորված: Մարդասպաններին այսպես չեն տեղափոխում: Սա ուղերձ է, սա ապտակ է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ անձամբ: Սա ապտակ է անձամբ Սերժ Սարգսյանին: Եւ այդ ապտակը մեկին Ալիեւն է հասցրել, մյուսին՝ Լուկաշենկոն: Մենք չենք ուզում այնպես լինի, որ դա ապտակ լինի նաեւ հայ ժողովրդին եւ մենք ասում ենք՝ Բելառուսի Հանրապետության դեսպանը պետք է լքի ՀՀ տարածքը եւ ՀՀ դեսպանը պետք է վերադառնա Երեւան»:
 
15:30 Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում դատապարտեց Բելառուսի Հանրապետության գործողությունները եւ անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքին: «Մենք արդյունքներով ենք դատում գործողությունները: Եթե գործողություններ արված լինեին, կլինեին արդյունքներ կամ ինչո՞վ է զբաղված Բելառուսում ՀՀ դեսպանը, ո՞րն է իր առաքելությունը»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ «Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել, որով առաջարկել է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին եւ Բելառուսի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները քննարկման առարկա պետք է դառնան: Էդմոն Մարուքյանը հիշեցրեց Հունգարիայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքը՝ նշելով, որ այն ժամանակ Հայաստանը սառեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: «Եթե չենք խզում դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ, դեսպանին կանչելը, Բելառուսի դեսպանին ժամանակ տալը՝ այստեղից գնալու համար, դա պետք է գոնե լինի նվազագույնը, որը պետք է արվի, սա է մեր պահանջը»,- շեշտեց ԱԺ պատգամավորը:
 
15:20 Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղակայված Բելառուսի դեսպանատան դիմաց մեկնարկեց բլոգեր Լապշինին Ադրբեջանին հանձնելու Բելառուսի որոշման դեմ բողոքի պլանավորված ակցիան:
 
Դեսպանատան դիմաց հավաքված քաղաքացիների մեծ մասը ներկայացնում է «Ելք» դաշինքը: Ցուցարարների մեջ են Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւ այլք:
 
Հիշեցնենք, որ Բելառուսն Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեկ արտահանձնել է Ադրբեջանին:
 
2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս 2016 թվականի ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում):
 
Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը