Վորլդ Վիժն Հայաստանը օժանդակել է ավելի քան 30 հազար երեխաների (տեսանյութ)


Վորլդ Վիժն Հայաստանը օժանդակել է ավելի քան 30 հազար երեխաների (տեսանյութ)

  • 09-02-2017 18:41:08   | Հայաստան  |  Բարեգործություն



Արդեն մոտ 30 տարի է, ինչ Հայաստանում գործում է «Ի շահ երեխաների, ի նպաստ փոփոխության, հանուն կյանքի» կարգախոսով առաջնորդվող Վորլդ Վիժն Հայաստան (ՎՎՀ) միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը: Դեռևս 1988 թվականին Հայաստանում հաստատված այս կազմակերպությունը սկզբնապես հրատապ օգնություն է ցուցաբերել Սպիտակի աղետալի երկրաշարժից տուժածներին: Սակայն որոշ ժամանակ անց կազմակերպության ծրագրերը փոխակերպվել են` ճգնաժամային իրավիճակների պահանջները բավարարողից վերածվելով համայնքների զարգացման և խթանման ծրագրերի: 
 
Աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը բարեփոխելու առաքելություն ստանձնած Վորլդ Վիժն-ը աշխատում է Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի և Երևանի շուրջ 200 համայնքներում` օժանդակելով ավելի քան 30. 000 երեխաներին և նրանց ընտանիքներին: 
2015-2018 թվականների համար Վորլդ Վիժն Հայաստանը մշակել է ռազմավարություն, որի թիրախ է հանդիսանում 0-29 տարեկան մարդկանց խումբը` նորածիններից մինչև նրանց երիտասարդ ծնողները: Այն հնարավորություն է ընձեռում ծառայել ամենախոցելի երեխաներին և ընտանիքներին, օգնել, որպեսզի բոլոր փոքրիկները իրացնեն իրենց կրթություն ստանալու, առողջ միջավայրում ապրելու և ընտանիք կազմելու իրավունքը: ՎՎՀ-ի 13 «Տարածքային զարգացման ծրագրեր»-ի հիմնական ուղղություններն են. կրթություն, առողջապահություն, հոգևոր դաստիարակություն, մասնագետների վերապատրաստում, ծնողների և երեխաների իրազեկության բարձրացում, երեխաների իրավունքների պաշտպանություն, տնտեսական զարգացում, ենթակառուցվածքների վերականգնում: 
Գյուղական համայնքներում, դպրոցներում և ընտանիքներում երեխաների նկատմամբ բռնությունները կանխելու և նրանց հասարակությանը հեշտությամբ ինտեգրելու նպատակով 25 տարուց ավելի է, ինչ ՎՎՀ-ը իրականացնում է նաև Երեխաների պաշտպանության ծրագիրը: Համայնքներում աշխատանքներ են տարվում տարբեր դերակատարների հետ` երեխայից և ծնողներից սկսած մինչև պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, ովքեր այս ոլորտում անելիք ունեն:
Երեխաների պաշտպանության ծրագիրն արդեն արձանագրել է մի շարք դրական արդյունքներ, մասնավորապես լուծվել է կրթությունից դուրս մնացած, պարբերաբար ընտանեկան բռնության ենթարկվող շուրջ 70 երեխայի խնդիր: 
Վերը թվարկված ծրագրերից բացի, ՎՎՀ-ը  իրականացնում է նաեւ «Հոգատարություն հանուն հավասարության» քառամյա ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում սելեկտիվ աբորտների քանակի նվազեցմանը: Աշխատանքներ են տարվում Տավուշի, Շիրակի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում, որոնք սելեկտիվ աբորտների քանակի տեսակետից ունեն վատ վիճակագրություն:
Որպես առավել հաջողված համարվում են նաեւ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության անցկացրած ամանորյա ակցիաները: Մասնավորապես, «1 օր` 1 նվեր» նվիրատվական ակցիաի շրջանակներում Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 33 երեխա  ստացել է իր երազած նվերը, iսկ «Հավաքենք ջերմության փազլը»  արշավի շրջանակներում  հանգանակված գումարով Ճամբարակի, Կապանի, Ապարանի և Երևանի առավել խոցելի ընտանիքների 93 երեխաների համար գնվել է ձմեռային տաք հագուստ: 
Իր ծրագրերի արդյունավետ իրականացման համար ՎՎ-ը մշտապ՚ես համագործակցում է Հայաստանի կառավարման, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանյաց Եկեղեցու, ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play