Քննիչը հաստատել է բժշկի կողմից մասնագիտական անհրաժեշտությունից չբխող տեղեկությունների հրապարակման փաստը


Քննիչը հաստատել է բժշկի կողմից մասնագիտական անհրաժեշտությունից չբխող տեղեկությունների հրապարակման փաստը

  • 10-02-2017 16:41:45   | Հայաստան  |  Իրավունք

2017 թ. փետրվարի 9-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի գործով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքնահրկիզվածը ՄԻԱՎ-ով ապրող անձ է և «թմրանյութերից կախվածություն ունի»՝ նրան բնութագրելով որպես «պրոֆեսիոնալ թմրամոլ» և հայտնելով նրա՝ 10 տարի ազատազրկված լինելու մասին: ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանը 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշմամբ հանցակազմի բացակայության հիմքով մերժել էր՝ Քաջիկ Գրիգորյանի առնչությամբ բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվություն հրապարակելու  վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը: Դատական նիստը կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, Կազմակերպության Երևանի ներկայացուցչություն իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի, վարույթն իրականացրած քննիչ Կ. Խանումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանի մասնակցությամբ:Դատարանի կողմից Ն. Դավիդյանին ուղարկված ծանուցագիրը հետ էր վերադարձվել «չպահանջված» նշումով: Վարույթն իրականացրած Կ. Խանումյանը, առարկելով բողոքի դեմ, հիմնավոր համարեց իր կողմից կայացված որոշումը՝ Նորայր Դավիդյանի գործողությունները պատճառաբանելով Ք. Գրիգորյանի հետ շփում ունեցած անձանց վարակման ռիսկը կանխելու միտումով: Ինչ վերաբերում է վերջինիս վերաբերյալ բժշկի կիրառած «թմրամոլություն», «թմրամոլ» բառերին, քննիչը դրանք պայմանավորեց առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությամբ և պնդեց, որ Ն. Դավիդյանի գործողությունները բխել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Ի թիվս բողոքում բարձրացված այլ հարցադրումների՝ քննիչն անդրադարձավ նաև, առանց քրեական գործ հարուցելու, բժշկի գործողությունների վերաբերյալ դատողություններ անելուն: Բողոքով ընդգծվել էր այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելու փուլում քննարկվում է քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի օրինականությունը՝ չանդրադառնալով հանցակազմի սուբյեկտին և սուբյեկտիվ կողմին, և Նորայր Դավիդյանի գործողությունների շարժառիթները չպետք է քննության առարկա դառնային նյութերի նախապատրաստման ընթացքում: Չնայած դրան՝ քննիչը շարունակեց պնդել, որ նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կարող է անդրադառնալ նաև հանցակազմի մյուս տարրերի՝ սուբյեկտի և սուբյեկտիվ կողմի առկայությանը կամ բացակայությանը: Հատկանշական է, որ Դատարանի հարցերին ի պատասխան՝ քննիչը հաստատեց, որ Քաջիկ Գրիգորյանի՝ թմրամիջոց գործածող անձ լինելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը մասնագիտական անհրաժեշտությունից չէր բխում:
 
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2017 թ. մարտի 13-ին՝ ժամը 17:00-ին
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play