Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին. նախանշվում է ԱԻ ոլորտում տարածաշրջանային համագործակցություն


Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին. նախանշվում է ԱԻ ոլորտում տարածաշրջանային համագործակցություն

  • 10-02-2017 16:47:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնարդ Մաթիաս Քիսլերին: Հանդիպման նպատակն էր խորացնել արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-գերմանական փոխհամագործակցությունը, ինչպես նաև՝ ստեղծել նշված ոլորտում տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ: 
 
Ողջունելով դեսպանին` նախարար Տոնոյանը նշեց, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն առաջիններից էր, որ աջակցություն ցուցաբերեց Հայաստանին արտակարգ իրավիճակների ոլորտի կայացման հարցում: Այդ աջակցությունից մեկնարկեց ԱԻ ոլորտում երկու պետությունների միջև ակտիվ համագործակցությունը, որի արդյունքն է նաև վերջերս ՀՀ ԱԻՆ-ի և ԳԴՀ կառավարության ներքին գործերի նախարարության դաշնային տեխնիկական օգնության բյուրոյի միջև ստորագրվելիք հուշագիրը: Նախարարը շեշտեց, որ արտակարգ իրավիճակների ոլորտը մարդասիրական բնույթ ունի, ուստի թույլ է տալիս օգտագործել տարածաշրջանային համագործակցության ողջ ներուժը: 
-Տարածաշրջանային քաղաքական քարտեզը ճանաչելի չէ ճգնաժամերի և աղետների համար,  դիմակայունությունը աղետներին և ճգնաժամերին, դրանց արագ արձագանքումն ու հետևանքների վերացումը սահմաններ չեն ճանաչում, ուստի այս ոլորտում տարածաշրջանային համագործակցության մեկնարկը միջազգային խոշոր կառույցների հովանու ներքո ժամանակի հրամայական է, - նշեց ԱԻ նախարարը՝ որպես համագործակցության ձևաչափ առաջարկելով համատեղ ուսումնավարժությունների հնարավոր անցկացումը: 
Կողմերը քննարկեցին նաև փորձի փոխանակման հնարավոր մեխանիզմներն ու ծրագրերը, ԳԴՀ-ի կողմից աջակցությունը Հայաստանում կամավոր փրկարարական շարժումների կազմակերպման հարցում և այլն: Նախարարի հետ զրույցում դեսպանը կարևորեց հուշագրի շրջանակներում աջակցությունը Գերմանիային ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փորձը փոխառելու հարցում: 
Եզրափակելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին խորացնել առկա համագործակցությունն ու աշխատել փոխգործակցության աշխարհագրական սահմանների ընդլայնման ուղղությամբ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն