Շվեյցարական ընկերությունները Հայաստանը դիտարկում են որպես լավ հնարավորություն ներդրումներ կատարելու համար. ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան


Շվեյցարական ընկերությունները Հայաստանը դիտարկում են որպես լավ հնարավորություն ներդրումներ կատարելու համար. ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան

  • 10-02-2017 18:11:51   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանը շարունակում է շվեյցարական ընկերությունների տեսադաշտում մնալ որպես լավ հնարավորություն ներդրումներ կատարելու համար: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը: 
 
Ըստ նրա` վերջին երկու տարիների հայաստանյան վիճակագրական տվյալներով` Շվեյցարիան առաջին հորիզոնականում է Հայաստանում օտարերկրյա ներդրողների շարքում:
«Բավական նշանակալի են շվեյցարական մասնավոր ընկերությունների ներդրումները Հայաստանում. Շատ հաճախ, երբ խոսքը գնում է տնտեսական համագործակցության մասին, դրա անքակտելի մաս է կազմում նաև Հայաստանի զարգացմանը միտված համագործակցությունը, և այս կտրվածքով Շվեյցարիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է»,- ասաց Լ. Գասերը: 
Վերջինիս կարծիքով` Շվեյցարիան աշխարում ֆինանսական կարևոր կենտրոն դարձել է պատմականորեն երկրում ունեցած երկարատև կայունությամբ, ինչը կարևոր պայման է ֆինանսատնտեսական զարգացման տեսանկյունից: 
 Լ. Գասերը նկատեց, որ Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանը ևս հասել է կայունության բավականին ողջամիտ մակարդակի, սակայն այդ տեսանկյունից դեռևս լավ ճանաչելի և նկատելի չէ աշխարհին, իսկ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտությունը լուրջ մարտահրավեր է:
Դեսպանի փոխանցմամբ` Շվեյցարիան Հայաստան տասնապատիկ անգամ ավելի շատ է ապրանք արտահանում, քան Հայաստանը` Շվեյցարիա, մինչդեռ բազմաթիվ հայկական ապրանքատեսակներ կան, որոնք Լ. Գասերը կցանկանար գնել շվեյցարական խանութներից: 
Նա, մասնավորապես, թվարկեց դրանցից մի քանիսը. «Օրինակ` ես կերազեի Շվեյցարիայում վայելել հայկականի պես լավ մեղր, լոլիկ, իշխան ձուկ, ծիրան և այլն: Այս ուղղությամբ եկեք աշխատենք»:  
Անդրադառնալով նախորդ տարվա ընթուցքում երկու երկրների միջև փոխգործակցության նկատելի արդյունքներին` Լ. Գասերը հիշեցրեց, որ 2016 թվականին Շվեյցարիան Հայաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագիր է կնքել, ինչն իր էական նպաստն է բերել երկու ժողովուրդների միջև կապերը դյուրացնելուն: 
Անցած տարին դեսպանի գնահատմամբ` բազմաբովանդակ է եղել մշակութային միջոցառումների անցկացման տեսանկյունից, իսկ նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ներդրումների, առևտրաշրջանառության և այլ տնտեսական հարցեր, ուրվագծել հետագա տնտեսական և քաղաքական համագործակցության շրջանակները: 
Քաղաքական համագործակցության ենթատեքստում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը կարևորեց իր երկրի հաստատակամությունը ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման և 1994 թվականի հրադադարի պայմանագրի պահպանման հարցում:
 «Մենք շարունակում ենք առաջարկել մեր ծառայությունները, որն ավանդապես Շվեյցարիայի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկն է եղել. 1996 և 2014 թվականներին, երբ Շվեյցարիան նախագահում էր ԵԱՀԿ-ն, մենք շատ ինտենսիվ ներգրավված էինք Հայաստանի և հարևանների հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ընդգծեց Լ. Գասերը` հավելելով, որ ԼՂՀ հակամարտության կայուն և մշտական հանգուցալուծումը բխում է Հայաստանի տնտեսական և քաղաքական շահերից: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն