«Հակախաղն» ավարտված է. Մեկնաբան


«Հակախաղն» ավարտված է. Մեկնաբան

  • 10-02-2017 18:32:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Արտաքին գործերի նախկին նախարար, Համախմբում կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանն Ազատություն ռադիոկայանի եթերում օրերս հայտարարել էր, որ 2008 թվականի նախագահի թեկնածության հարցում Ռոբերտ Քոչարյանն ընտրում էր իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ եւ, ի վերջո, ընտրությունը կանգ առավ Սերժ Սարգսյանի վրա:

 

Վարդան Օսկանյանը փաստացի առաջին անգամ է հայտնում այդ իրավիճակի մասին: Այն, որ 2007-08 թվականին ընդառաջ Ռոբերտ Քոչարյանը հակված էր նախագահի իշխանության թեկնածու դիտարկել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ հենց Վարդան Օսկանյանին, Լրագիրը գրել է մի քանի անգամ:

 

Ընդ որում, Քոչարյանի այդ «հակվածությունը» փաթեթային էր եւ ենթադրում էր ոչ միայն Սերժ Սարգսյանի «չեզոքացում», այլ նաեւ ՀՀԿ-ի, որի փոխարեն 2007 թվականի խորհրդարանի մեծամասնություն պետք է կազմեր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը ձեւավորվեց Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ նախագահի նստավայրի աջակցությամբ:

 

2007 թվականին ընդառաջ ատաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը սկսեց հանդես գալ պետության ներքին ու արտաքին կառավարման վերաբերյալ ելույթներով, առաջ քաշելով «երկրորդ սերնդի» բարեփոխումների գաղափարը եւ անելով թերւս ամենաառանցքային դիտարկումը, որ այդ բարեփոխումները ցավոտ պետք է լինեն էլիտայի համար:

 

Բացառված չէ, որ հենց այդ հանգամանքը Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեց «էլիտայի» մեծ մասը հավաքել ՀՀԿ-ում, դառնալ այդ կուսակցության Խորհրդի նախագահ եւ չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի ԲՀԿ-Օսկանյան փաթեթային տարբերակը, որի մաս էր կազմում գուցե նաեւ ակնկալիքը, որ Ռոբերտ Քոչարյանն էլ կարող էր դառնալ վարչապետ: Ընդ որում, Քոչարյանին հենց վարչապետ դառնալու ծրագրերի համար էր մեղադրում ընդդիմությունը 2005 թվականին, երբ նա Սահմանադրության փոփոխությամբ ընդլայնում էր ԱԺ եւ կառավարության դերակատարումը:

 

Իհարկե, կա վարկած, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանի ծրագիրը չեզոքացրեց` խաղարկելով դրա «արեւմտյան» ուղղվածության հանգամանքը եւ համոզելով Ռուսաստանին, որ այդպիսով Քոչարյանը փորձում է Հայաստանը տանել դեպի Արեւմուտք: Սարգսյանին դա թերեւս դժվարություն չէր ներկայացնի, հաշի առնելով այն, որ Վարդան Օսկանյանը դիտվում էր արեւմտյան ուղղվածությամբ քաղաքական գործիչ:

 

2007 թվականի ընտրությունից հետո Ռոբերտ Քոչարյանն այցելեց Մելիք-Ադամյան` Սերժ Սարգսյանին շնորհավորելու, իսկ 2008 թվականին Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ: Նախագահության ընթացքում Սերժ Սարգսյանը հայտնվեց հակառակ իրավիճակում եւ նա էր «մեղադրվում» Հայաստանը դեպի Արեւմուտք տանելու մտադրության համար, միաժամանակ նա էր «մեղադրվում» կամ «կասկածվում» օլիգարխիկ համակարգը չեզոքացնելու եւ «մեկ օլիգարխի» տնտեսություն կառուցելու համար:

 

Այդ մեղադրանքներն ակնհայտորեն «ճառագում» էին Ռոբերտ Քոչարյանի շրջանակից: Աներկբա էր, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Քոչարյանն էր փորձում հանդես գալ թե քրեա-օլիգարխիկ համակարգի, թե Ռուսաստանի ազդեցության «գարանտի»  հայտով, ինչը նրա նախագահության վերջին տարիներին արեց Սերժ Սարգսյանը:

 

Բայց, եթե Սարգսյանը դա արեց հաջող, ապա Քոչարյանի դեպքում այդ մարտավարությունը կամ գուցե նույնիսկ ռազմավարությունը կարծես թե հաջողություն չունեցավ:

 

Աներկբա է, որ արդեն մեկ տասնամյակ Հայաստանում ներքաղաքական գործընթացի առանցքում հենց այդ «հակախաղն» է, որը գործնականում այլ տեղ, քան պետականության փակուղու խորացում եւ մարտահրավերների ուժգնացում, չի բերել:

 

Բայց, ըստ ամենայնի, Հայաստանի ներքաղաքական եւ ներիշխանական զարգացումների տրամաբանությունը դուրս է բերվում այդ «հակախաղի» ազդեցության գոտուց, եւ դա տեղի է ունենում ավելի շուտ ոչ թե ներքին գործընթացների եւ առավել եւս նախաձեռնության շնորհիվ, այլ արտաքին մոտեցումների:

 

Թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը հստակ արձանագրեցին, որ համակարգային այդ «հակախաղը» իրականում Հայաստանի իշխանության շահառուների համար գլխավորապես Արեւմուտք-Ռուսաստան հակադրության մանիպուլյացիայի շնորհիվ սեփական խնդիրները լուծելու պարզունակ մարտավարություն է, որից ավելիին այդ շահառուներից որեւէ մեկը թե ունակ չէ, թե չունի ցանկություն ու կամք:

 

Հայաստանի հանդեպ թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի մոտեցումները ենթարկվում են որոշակի վերաիմաստավորման կամ տրանսֆորմացիայի, որում նկատելի է առնվազն որոշակի լռելյայն փոխհամաձայնությունը «համատեղ մանիպուլյացիայի» չենթարկվելու հարցում, որտեղ երկուստեք առանցքային պլան է գալիս ոչ թե այն, թե ով ուր է տանում կամ ուզում տանել Հայաստանը, այլ այն, թե ով ինչ է անում Հայաստանի հետ ներսում:

lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն