ԱԻՄ-ի առաջարկը դաշնակից ուժերին


ԱԻՄ-ի առաջարկը դաշնակից ուժերին

  • 13-02-2017 12:13:13   | Հայաստան  |  Քաղաքական

ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՅԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՁԵՒԱՒՈՐՈՒՈՂ  ԴԱՇԻՆՔԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
(Ընդունուած է ԱԻՄ Նախագահութեան 2017 թ.-ի փետր. 12-ի արտահերթ նիստում)
 
Հաշուի առնելով ի նպաստ ժողովրդավարութեան պայմանաւաորուածութիւնները, որոնք ԱԻՄ-ին տրամադրեցին միանալ յունուարի 17-ի յայտարարութիւնն ընդունած քաղաքական ուժերի դաշինքին,
Մտահոգ այն իրողութեամբ, որ այդ դաշինքը արդէն լքել են հիմնադիր երեք ուժերից երկուսը,․
Ձգտելով արագացնել դաշինքի վերջնական ձեւաւորումը (ներառեալ հեռացածների վերադարձը),
Արձանագրելով, որ միայն դաշինքի անուան, ղեկավար մարմնի եւ աշխատակարգի յստակ ընդունումից յետոյ է հնարաւոր ցանկալի աւելի մեծ դաշինքի կամ ճակատի ստեղծումը,
Անհանգստացած այն հանգամանքով, որ նախնական անհրաժեշտ գործողութիւնների համար մնացել է ընդամենը 4 օր,
ԱԻՄ-ը դաշնակից ուժերին առաջարկում է նշեալ հարցերում յստակութեան հասնելու եւ մեզ համար կարեւոր կազմակերպական խնդիրների լուծումն արագացնելու նպատակով՝
Ա) Հրատապ կերպով ազդարարել դաշինքի առաջնահերթ նպատակի՝ Հայաստանում իշխանութիւնը քաղաքացիներին յանձնելու, այսինքն՝ ժողովրդավարութիւն հաստատելու անհրաժեշտութեան մասին, որը պատմական ներկայ փուլում իր մէջ պարունակում է 
1. ապօրինի եւ կեղծիքներով ընդունուած Սահմանադրութեան չեղարկումը,
2. ամենաուշը երկու տարուայ ընթացքում նոր սահմանադրութեան ընդունումը,
3. դրա հիման վրա նոր ընտրական օրէնսգրքի ընդունումը  եւ
4. օրէնսդիր ու գործադիր իշխանութիւնների ձեւաւորումը։ (Այդ ընթացքում պիտի գործի ժամանակաւոր անցումային կառավարութիւնը, որի գործունէութեան հիմքում պէտք է լինի մարդու հիմնարար իրաւունքների իրացումը, մասնաւորապէս՝ խղճի կալանաւորների անհապաղ ազատ արձակումը եւ քաղաքական դրդապատճառներով կալանաւորուածների խափանման միջոցի փոփոխումը։)
Բ) Քննարկել եւ ընդունել Դաշինքի անունը, որը պէտք է անմիջական աղերսներ ունենայ հիմնական նպատակի հետ,
Գ) Ձեւաւորուի Դաշինքի ղեկավար մարմին եւ ընդունուի այդ կառոյցի Ժողովրդավարական գործելակերպն ամրագրող աշխատակարգ (ներկազմակերպական ժողովրդավարութիւնն է Դաշինքի ժողովրդավարական արժեքներին հաւատարիմ լինելու առհաւատչեան)։
    Այս ամենն արձանագրելուց եւ հրապարակելուց յետոյ մեր դաշինքում կը մնան իրապէս ժողովրդավարութեան ձգտող ուժերը միայն եւ կը հեռանան այն անհատներն ու քաղաքական խմբերը, որոնց խորթ են ժողովրդավարական արժեքները, մեզ չեն մերձենայ ժողովրդավարական սկզբունքներից խորշողները եւ Դաշինք կը վերադառնան անյստակութիւնների եւ ժողովրդավարական գործելակերպի բացակայութեան պատճառով հեռացած ուժերը։
     Արդիւնքում ամենակարճ ժամանակամիջոցում հնարաւոր կլինի հասնել աւելի ընդգրկուն համախմբման, ինչը եւ կարող է «ընտրութիւն» միջոցառումը դարձնել իրական ընտրութիւն եւ երաշխաւորել ժողովրդավարութեան յաղթանակը Հայաստանում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական