Երևանում մեկնարկեց ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը, որը կշարունակվի մինչև մարտի 31-ը
13-02-2017 13:27:16 | Հայաստան | Հասարակություն
«Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո առաջիկա երկու ամիսների ընթացքում մայրաքաղաքի, Գյումրիի և Վանաձորի հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա մի քանի ժամով կտրվել առօրյա հոգսերից և ծանոթանալ մարդկային այլ պատմությունների: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ազդարարեց ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի մեկնարկը:
«ԱՄՆ պետքարտուղարության և այստեղ գտնվող մեր ողջ անձնակազմի անունից այսօր մեծ ուրախությամբ ազդարարում ենք ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի մեկնարկը: Սա արդեն երրորդ անգամն է, որ ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը անցկացվում է Հայաստանում, սա մեծ պատիվ է ինձ համար»,- ասաց նա:
Ռ. Միլսի խոսքերով` իր ուրախությունն ու ոգևորությունը պայմանավորված է երկու հանգամանքով. Առաջինը, որ ինքը շատ է սիրում ֆիլմեր դիտել, երկրորդ, որ ցուցադրվող ֆիլմերի միջոցով հայ հասարակությունը պատկերավոր կերպով ծանոթանում է Միացյալ Նահանգների կյանքի տարբեր դրվագներին:
Դեսպանի փոխանցմամբ` ֆիլմաշարի ցուցադրությունը նաև խորհրդանշական բնույթ ունի, քանի որ այս տարի լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Ցուցաշարի անդրանիկ ցուցադրության համար ընտրվել է մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը, որը պատմում է փախուստի մեջ գտնվող մի դեռահաս աղջնակի մասին, ով ներկայանում է որպես հմուտ ու սրտացավ տնային դայակ: Վերջինս կարողանում է յուրահատուկ կապ ստեղծել աուտիզմ ունեցող 11-ամյա աղջնակի ու նրա ընտանիքի հետ:
«Ես անչափ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում. Ինձ համար մեծ պատիվ է ցուցաշարում ընդգրկված ֆիլմերի շարքում տեսնել նաև իմ ֆիլմը, որի ցուցադրությանը ևս ներկա եմ գտնվելու»,- նշեց առաջին անգամ Հայաստան ժամանած «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր ռեժիսոր և պրոդյուսեր Ջանեթ Գրիլոն:
Մինչև մարտի 31-ը ցուցադրվող 33 ամերիկյան մյուս ֆիլմերում անդրադարձ է կատարվում այնպիսի թեմաների, ինչպիսիք են հաշմանդամությունը, ծաղրն առցանց տիրույթում, բնապահպանությունը, ծրագրավորման ոլորտում առկա գենդերային բացը, մշակույթի ու խոհանոցի միջև կապը:
Ցուցադրություններին զուգահեռ Ջանեթ Գրիլոն հանդիպումներ կունենա հանդիսատեսի և ուսանողական խմբերի հետ, որոնց շրջանակներում կքննարկի կինորավեստին վերաբերող հարցեր, կներկայացնի աուտիզմին առնչվող իր փորձը, իսկ մոնտաժի օսկարակիր վարպետ, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլանշը հայ վավերագրողների համար կանցկացնի մեկ շաբաթյա դասընթաց ֆիլմերի մոնտաժման վերաբերյալ: