Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված նոր առաջարկներ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված նոր առաջարկներ

  • 13-02-2017 15:46:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման ծրագրերին՝ նկատելով, որ այդ ուղղությամբ դեռևս կան անելիքներ, ինչի մասին վկայում են նաև վարչական շրջանների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի տարեկան հաշվետվությունները:
 
«Վերջին տարիներին մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ որոշակի աշխատանքներ, իհարկե, տարվել են, սակայն պետք է նաև արձանագրենք, որ համաչափ զարգացման մեր տեսլականը դեռևս ամբողջությամբ կյանքի չի կոչվել: Ըստ այդմ, տեղերում պետք է ավելի հետևողական լինեք ու չբավարարվեք ձեռքբերումներով և ցուցաբերեք նախաձեռնողականություն՝ մեր քառամյա ծրագրով ամրագրված համաչափ զարգացման տեսլականը լիարժեք կյանքի կոչելու համար: Յուրաքանչյուր վարչական շրջանի զարգացման այս տարվա առաջնահերթությունները նախանշելիս նկատի ունեցեք նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորությունները և համապատասխան ծրագրերն ու առաջարկները ներկայացրեք նաև աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախապատրաստվել և քաղաքապետի  հաստատմանն են  ներկայացվել ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջանների հետ Երևան քաղաքի 2017թ. համագործակցության ծրագրերը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play