Կնքվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը. Այն բաց է ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար


Կնքվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը. Այն բաց է ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար

  • 13-02-2017 16:19:45   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարներ`  Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով: Փետրվարի 13-ին լրագրողների ներկայությամբ տեղի ունեցավ նշյալ դաշինքի ստորագրման արարողությունը: 
 
Մինչ հուշագրի ստորագրումը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդես եկավ ելույթով, որի ընթացքում անթույլատրելի համարեց միակ համապետական ընտրություններին չմասնակցելը: 
Նրա խոսքերով` վերոնշյալ երեք պետական փորձառու գործիչները միավորվել են, որպեսզի  հաղթահարեն Հայաստանի առջև ծառացած, այլևս վտանգավոր սպառնալիքները, տիրող անօրինական ու անարդար մթնոլորտը, ձևավորեն նոր որակի իշխանություն, պահպանեն երկրի ինքնիշխանությունը և կատարեն արմատական բարեփոխումներ: 
Ա. Մարտիրոսյանը նաև ընթերցեց դաշինքային համաձայնագիրը, որում ասվում է. «Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում,
Ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով,
Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,
Կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը,
Մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր և ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:
Սույն համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածում ներկայացված «Նոր օրակարգը»:
Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, քաղաքացիական շարժումների և ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն