Ընտրությունների արտառոց արդյունք. Վարդավանքում միակ թեկնածուն չի ընտրվել


Ընտրությունների արտառոց արդյունք. Վարդավանքում միակ թեկնածուն չի ընտրվել

  • 13-02-2017 16:32:26   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հետք». Երեկ հանրապետության մի քանի համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութուններ, ընդ որում՝ յոթ գյուղերում՝ համայնքի ղեկավարի:
 
Արտառոց արդյունքներ են գրանցվել Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում: Միակ թեկնածուն՝ Համլետ Թորոսյանը, չի ընտրվել:
 
Վարդավանքցիները առաջին հայացքից փակուղային իրավիճակում օգտագործել են Ընտրական օրենսգրքի տված հնարավորութունը: Ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
 
Քվեարկությանը մասնակցած 49 ընտրողներից 35-ը դեմ են քվեարկել թեկնածուին, 13-ը՝ կողմ: 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 
 
Եթե Ընտրատարածքային հանձնաժողովը հաստատի Վարդավանքի գյուղապետի ընտրությունների նախնական արդյունքները, ապա այստեղ կնշանակվեն նոր ընտրություններ: Ի դեպ, Համլետ Թորոսյանը դաշնակցական է, հանդես է եկել ինքնառաջադրմամբ եւ Վարդավանքի միջնակարգ դպրոցի տնօրենն է:
 
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուների ստացած քվեների տարբերությունը ընդամենը 15 է: Ախուրիկի հանրապետական գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը հենց այդքան քվեով զիջել է անկուսակցական թեկնածու, ինքնառաջադրված Հովհաննես Պողոսյանին: Գասպարյանը ստացել է 262, իսկ Պողոսյանը՝ 277 քվե:
 
Շիրակի Արեւիկ համայնքում հաղթել է հանրապետական, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդկես Մելքոնյանը՝ ստանալով 526 քվե: Նրա երկու մրցակիցները՝ ՀՀԿ-ական Դավիթ Թումիկյանը եւ անկուսակցական Համլետ Հարությունյանը ստացել են համապատասխանաբար 240 եւ 87 քվե:
 
Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում անհավասար պայքար է եղել: Նուռնուսի անկուսակցական գյուղապետ Մնացական Գեւորգյանը ստացել է 206 քվե, նրա մրցակիցը՝ նույնպես անկուսակցական, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի սպասարկման գրասենյակի օպերատոր Աստղիկ Մկրտչյանը՝ 97:
 
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում մեկ թեկնածու էր՝ ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը: Նրա օգտին քվեարկել է 304 ընտրող, դեմ՝ 11:
 
Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ համայնքում առաջադրված երկու թեկնածուների պայքարում վերընտրվել է գործող գյուղապետը՝ դաշնակցական Արտաշես Սաֆարյանը:
 
Արարատի մարզի Նոյակերտ համայնքում նույնպես վերընտրվել է գործող գյուղապետը՝ հանրապետական Հովհաննես Հարությունյանը:
 
Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում փորձարկվել են ընտրական գործընթացների թափանցիկության մեծացման նպատակով ներդրված սարքավորումները:
 
Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ մեկտեղ, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում, որտեղ կայացել են ավագանու ընտրություններ, դիտարկել են, թե ինչպես են դրանք գործում:
 
Նոր սարքավորումները փորձարկվել են մի քանի տեղամասերում, որպեսզի ապրիլի 2-ին կիրառվեն արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play