«Առաջիկա 10 օրերին գարնան որեւէ շունչ մի սպասեք». Գագիկ Սուրենյան


«Առաջիկա 10 օրերին գարնան որեւէ շունչ մի սպասեք». Գագիկ Սուրենյան

  • 13-02-2017 17:07:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Փետրվարի 9-ին Հանրապետություն ներթափանցած ցիկլոնի ուժը պահպանվելու է նաեւ առաջիկա 3 օրերին: Սրանով պայմանավորված Հայաստանի տարածքում մինչեւ փետրվարի 15-ը տեղումները որոշակի դադարներով կշարունակվեն: Այդ մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
 
«Փետրվարի 16-ի ցերեկը տեղումների առումով դադար է, 16-ի երեկոյան ժամերին եւ գիշերը եւս մի փոքրիկ պրոցես կա, թույլ ձյուն կտեղա հանրապետությունում: Իսկ այնուհետեւ հյուսիս-արեւմուտքից անտիցիկլոն է ներթափանցելու դեպի մեր երկրի տարածք: 17-ի ցերեկվանից սկսած եղանակը կպարզի ու տեղումներն ամենուրեք կդադարեն: Արդեն ամսի 18-ին հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կլինի»,- մանրամասնեց օդերեւութաբանը:
 
Հարցին, թե արդյո՞ք եղանակի պարզելու հետ մեկտեղ օդի ջերմաստիճանը կփոխվի, Սուրենյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ սպասվում է ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազում: «Օդի ջերմաստիճանը մինչեւ 17-ն անփոփոխ կմնա: Արարատյան դաշտում գիշերը կլինի -8-10, ցերեկը՝ -2-4, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի: Եվ սրա պատճառը ոչ միայն եղանակի պարզեցումն է, այլեւ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը, անտիցիկլոնի առկայությունը»,- հավելեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը:
 
- Պարոն Սուրենյան, կարո՞ղ եք ասել, թե օրինակ Երեւանում ամսի 17-ից հետո որքա՞ն կլինի ջերմաստիճանը:
 
- Երեւանի ցածրադիր հատվածներում 17-ի լույս 18-ի գիշերը նախնական կանխատեսումներով կլինի մինչեւ -18 աստիճան, բարձրադիր հատվածներում՝ -14-15:
 
- Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ Տրնդեզից հետո եղանակը դեռ չի տաքանա, ինչպես ժողովրդի մեջ ընդունված է համարել:
 
- ժողովուրդն ինչ ասում է, հակառակն է լինում: -18-ը բուն ձմեռային ջերմային ֆոն է, ի՞նչ տաքացման մասին է խոսքը: Գարնան մասին խոսք լինել չի կարող: Առաջիկա 10 օրերին գարնան որեւէ շունչ մի սպասեք:
 
- Դուք ձեր ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ Աշոցքում նախօրեին -34 աստիճան ջերմաստիճան է գրանցվել: Դա վերջին շրջանում գրանցված ամենանվազագո՞ւյն ջերմաստիճանն է:
 
- Այո, հունվարից հետո սա ամենացածրն է: Դեկտեմբերին էր եղել նման ցածր ջերմաստիճան: Ընդհանրապես, Աշոցքը շատ առանձնահատուկ կլիմայական պայմաններ ունի: Այդ ջերմաստիճանը չի տարածվում մյուս մարզերի վրա:
 
- Մյուս մարզերում վերջին շրջանում ամենացածրը որտե՞ղ է գրանցվել:
 
- Վարդենիսում նախօրեին -26 աստիճան է գրանցվել, Ապարանում՝ -22:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը