Համոզված ենք, որ մեր համատեղ ջանքերով և ժողովրդի աջակցությամբ հաղթելու ենք. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք (տեսանյութ)


Համոզված ենք, որ մեր համատեղ ջանքերով և ժողովրդի աջակցությամբ հաղթելու ենք. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք (տեսանյութ)

  • 13-02-2017 17:33:53   | Հայաստան  |  Հասարակություն



«Այսօր Հայաստանի զարգացման, բարգավաճման և կայունության հիմնական խոչընդոտը ներկայիս իշխանություններն են, սա բազմիցս ապացուցված փաստ է»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինիքի ստեղծման համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարեց «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը:
 
Ըստ նրա` ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն այն հազվագույտ առիթներից մեկն է, երբ հնարավոր կլինի երկրում իրավիճակ փոխելու: 
«Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և ինձ շատ բան է միավորում և անցյալում, և այսօր. երեքս էլ եղել ենք Արցախի և Հայաստանի պետականության ստեղծման ակունքներում: Սեյրան Օհանյանը եղել է ռազմական ճակատում, Րաֆֆի Հովհաննիսյանը և ես` դիվանագիտական, մեզանից յուրաքանչյուրը այս տարիների ընթացքում իր ներդրումն է բերել պետականության կայացման գործում»,- ասաց նա` հավելելով, որ ինքը և Ռաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին Հայաստան են եկել մեծ հույսերով ու իղձերով: 
Վ. Օսկանյանի խոսքերով` իրենք միավորվել են իրենց նախնիների և ապագա սերունդների երազած Հայաստանին հասնելու համար. «Համոզված ենք, որ մեր համատեղ ջանքերով և ժողովրդի աջակցությամբ հաղթելու ենք»:
Իր հերթին Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այլևս չեն պատրաստվում հանդուրժել երկրում եղած բացթողումները: 
Նա կոչ արեց հասարակությանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներին դիտարկել որպես իրենց ընկերներ: 
«Մեր բոլորիս ուշադրությունը Հայաստանի ապագան է լինելու, նրա զարգացումը և մեր հայրենակիցների ապահով կյանքը. Մենք եկել ենք աշխատելու և այն փորձը, որ ունենք, օգտագործելու ենք երկրի զարգացման և անվտանգության համար»,- ընդգծեց նա: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն