Նորածնի մահվան մեջ բժիշկը իրեն մեղավոր չի համարում


Նորածնի մահվան մեջ բժիշկը իրեն մեղավոր չի համարում

  • 13-02-2017 17:34:28   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ Նշան Գեւորգյանը, ում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հունվարի 28-ին մահացած նորածնի հարազատները մեղադրում են երեխայի մահվան մեջ, այսօր՝ փետրվարի 13-ին, պետք է վերադառնար աշխատանքի: Նա, սակայն, աշխատանքի չի ներկայացել:
 
«Բյուլետենի մեջ եմ, մի քանի օրով երկարացրել են: Մեր՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի էնդոկրինոլոգը նայել է «Արմենիա» բժշկական կենտրոնից ինձ տրված հիվանդության պատմությունը եւ 5 օրով երկարացրել բյուլետենս: Այս պահին տանն եմ, շարունակում եմ բուժում ստանալ: Աշխատանքի կգնամ փետրվարի 15-ից»,- ասաց մեր զրուցակիցը:
 
armtimes.com-ը հետաքրքրվեց՝ արդյոք այս օրերին կանչվե՞լ է հարցաքննության: Նշան Գեւորգյանը դրական պատասխան հնչեցրեց՝ հավելելով, որ հարցաքննության ներկայացել է առանց փաստաբանի: «Փաստաբան չունեմ, ներկայացել եմ միայնակ: Պաշտպանի կարիք չեմ զգում: Բայց ի՞նչ մեղք ունեմ, որ մի բան էլ ապացուցվի կամ չապացուցվի: Հարցաքննության ժամանակ էլ պնդել եմ, որ նորածնի մահվան մեջ մեղք չունեմ»,- ընդգծեց մանկաբարձ-գինեկոլոգը՝ հավելելով, որ հաջորդ հարցաքննության օրվա մասին իրեն պետք է ծանուցեն հավելյալ:
 
Ճշտելու՝ ինչ կարգավիճակով է հարցաքննվել Նշան Գեւորգյանը, զրուցեցինք Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հետ, ով տեղեկացրեց, որ արմավիրցի բժիշկը հարցաքննության ենթարկվել է վկայի կարգավիճակով:
 
«Հարցաքննվում են տարբեր անձինք, ձեռնարկվում են տարբեր քննչական գործողություններ, որոնց բովանդակությունը, քննության շահերից ելնելով, այս փուլում հրապարակման ենթակա չէ: Արդյունքում կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք»,- ասաց նա:
 
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ Նշան Գեւորգյանը դեռեւս զբաղեցնում էր «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտոնը, մեղադրվել է ծննդկանի հարազատից կաշառք պահանջելու մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության, նա հրաժարվել է հղի Ալինա Գ.-ին ծննդալուծել կեսարյան հատումով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2014 թվականի հունվարին` նշանակված օրը, Ալինա Գեւորգյանը սկեսրոջ եւ ամուսնու հետ բոլոր պարագաներով գնացել է Նշան Գեւորգյանի մոտ ու նրա կարգադրությամբ հղիին տարել են վիրահատական սրահ՝ պատրաստելու վիրահատության:
 
Այդ ընթացքում բժիշկ Նշան Գեւորգյանն իր աշխատասենյակ է հրավիրել Ալինայի սկեսրոջը եւ վիրահատության համար գումար պահանջել: Երբ վերջինս հայտնել է, որ իրենք գումար չունեն, նշված վիրահատությունն անվճար է, բժիշկ Գեւորգյանն ասել է, որ այդ դեպքում ինքն էլ վիրահատական թել եւ կատետր չունի, իսկ ապա անձամբ գնացել է վիրահատական սրահ ու կարգադրել դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ սրահից դուրս հրավիրելով հղի Ալինա Գ.-ին: Դրանից հետո հղիի հարազատները բողոքել են մարզպետարան եւ վիրահատությունն իրականացրել է մեկ այլ բժիշկ:
 
Այս քրեական գործով դատարանը նրան դատապարտել է ազատազրկման մեկ տարի վեց ամիս ժամկետով, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ բժշկի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` երկու տարի ժամկետով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play