Նախարարն ընդունել է «Էրազմուս+»-ի փորձագիտական խմբին


Նախարարն ընդունել է «Էրազմուս+»-ի փորձագիտական խմբին

  • 13-02-2017 17:43:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի և «Էրազմուս+» ծրագրի  բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ:
 
Ողջունելով  ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է  ներկայացնի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները: ԿԳ նախարարը, կարևորելով «Էրազմուս +» ծրագրի դերը մեր երկրի բարձրագույն կրթության բարեփոխումների  գործընթացում, հորդորել է փորձագիտական խմբի անդամներին գործուն աջակցություն ցուցաբերել բարեփոխումների  մշակման գործին: «Սա նույն «Տեմպուս/Տասիս» ծրագիրն է, որը շարունակական լինելով՝ ԵՄ-ի կողմից շատ լուրջ աջակցություն է հայ հասարակությանը: Աջակցությունը երկու ուղղությամբ է. առաջինը` այն մոտեցնել եվրոպական միջբուհական համագործակցության տրամաբանությանը, և երկրորդը՝ որակ ստեղծել»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել. «Անշուտ, տեղյակ եք, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարություն: Նախագծի` օրենքի ուժ ստանալուց  հետո բարձրագույն կրթության ոլորտում ակնկալում ենք համակարգային լուրջ փոփոխություններ: Օրենքի դրույթների իրագործումը և, առհասարակ, բարձագույն կրթության ոլորտում  նախատեսվող փոփոխությունները  հնարավորություն կտան տեսանելի ապագայում Հայաստանում ունենալ մրցունակ կրթական հաստատություններ»: 
Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ բարձրագույն կրթության բարեփոխումների մասով նախարարությունում գործում է 3 աշխատանքային խումբ` բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխումների,  բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության  բարձրացման  և ցանցային համալսարանների մշակման ուղղություններով: Հաշվի առնելով եվրոպական համալսարանական համակարգում ձեռք բերված «Էրազմուս+» փորձագիտական խմբի  մասնագիտական լուրջ վերապատրաստումները` նախարարը նշել է, որ ՀՀ բուհական համակարգում նրանց փորձը արդյունավետ և կիրառելի կլինի հատկապես ուսանողների շարժունության ապահովման առումով: «Ցավոք, պետք է արձանագրենք, որ ուսանողների շարժունության, դասախոսների համագործակցության առումով շատ ավելի մեծ ձեռքբերում ունենք Հայաստանից դուրս հարաբերություններում, քան Հայաստանի ներսում եղած բուհերի միջև: Այժմ մենք ցանցային համալսարանների աշխատանքային հանձնաժողով ենք ստեղծել: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է դիտել մեկ բարձրագույն կրթության կլաստեր, որովհետև ունենք ընդամենը 87 000 ուսանող, և  եթե սա դիտենք մի ամբողջության մեջ, հնարավորությունները շատ ճիշտ կօգտագործենք: «Էրազմուս+»-ը դա է փաստում»,-նշել է Լևոն Մկրտչյանը: 
 Ներկայացնելով «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը` Լանա Կառլովան նշել է, որ նմանօրինակ խմբեր կան աշխարհի 27 երկրներում, որոնց նպատակն է` աջակցել ազգային պետություններում բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին: Հայաստանի խումբը ձևավորվել է դեռևս 2008 թվականին: Խմբի անդմաները փորձի ուսումնասիրման նպատակով վերապատրաստումներ և մասնագիտական այցեր են կատարել եվրոպական երկրներ, ուսումնասիրել բարձրագույն կրթության ոլորտում այդ երկրների փորձը, իրավիճակը, հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավարի հավաստմամբ` փորձագիտական խումբը պատրաստակամ է իր ողջ գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում  իրականացվող բարեփոխումներին: 
Հանդիպման մասնակիցները կարևորել են մարզային այցելությունների և ուսանողների դերի բարձրացման հիմնախնդիրները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռքբերել` պարբերաբար կազմակերպել նման քննարկումներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play