Ամերիկյան 33 գեղարվեստական և վավերագրական ֆիլմերը կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում (Տեսանյութ)
13-02-2017 21:33:22 | Հայաստան | Հասարակություն
«Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո Երևանում փետրվարի 13-ին մեկնարկեց ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը: Անդրանիկ ցուցադրության համար ընտրվել է մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը, որը պատմում է փախուստի մեջ գտնվող մի դեռահաս աղջնակի մասին, ով ներկայանում է որպես հմուտ ու սրտացավ տնային դայակ: Վերջինս կարողանում է յուրահատուկ կապ ստեղծել աուտիզմ ունեցող 11-ամյա աղջնակի ու նրա ընտանիքի միջև:
«ԱՄՆ պետքարտուղարության և այստեղ գտնվող մեր ողջ անձնակազմի անունից այսօր մեծ ուրախությամբ ազդարարում ենք ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի մեկնարկը: Սա արդեն երրորդ անգամն է, որ ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը անցկացվում է Հայաստանում, սա մեծ պատիվ է ինձ համար»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Մինչև մարտի 31-ը ցուցադրվող 33 ամերիկյան մյուս ֆիլմերում անդրադարձ է կատարվում այնպիսի թեմաների, ինչպիսիք են հաշմանդամությունը, ծաղրն առցանց տիրույթում, բնապահպանությունը, ծրագրավորման ոլորտում առկա գենդերային բացը, մշակույթի ու խոհանոցի միջև կապը:
Առաջիկա երկու ամիսների ընթացքում ֆիլմերը կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում: Ցուցադրություններին զուգահեռ` ԱՄՆ-ից Հայաստան ժամանած «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ռեժիսոր Ջանեթ Գրիլոն հանդիսատեսի և ուսանողական խմբերի հետ կքննարկի կինորավեստին վերաբերող հարցեր, կներկայացնի աուտիզմին առնչվող իր փորձը: , իսկ մոնտաժի օսկարակիր վարպետ, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլանշը հայ վավերագրողների համար կանցկացնի մեկ շաբաթյա դասընթաց ֆիլմերի մոնտաժման վերաբերյալ: