Մեկնարկել է ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլը


Մեկնարկել է ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլը

  • 14-02-2017 14:22:46   | Հայաստան  |  Տնտեսություն

Սուրեն Կարայանը ողջույնի խոսքով հանդես է եկել ծրագրի շնորհանդեսին 
 
Փետրվարի 14-ին կայացել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նախարարն  իր խոսքում նշել է․ «Թեթև արդյունաբերության ոլորտը դեռևս 2011թ. ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է գերակա ճյուղ, և «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության» շրջանակներում դիտարկվել է արտահանման տեսանկյունից հեռանկարային ոլորտ: Նախօրեին մենք ներկայացրեցինք 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ոլորտները, որտեղ թեթև արդյունաբերությունը զգալի տեղ է զբաղեցնում։ Մի շարք նոր բացվող ձեռնարկություններ նոր աշխատատեղեր կստեղծեն Հայաստանի տարբեր մարզերում՝ գործունեություն ծավալելով այս ոլորտում։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շարունակաբար իրականացնում է ոլորտի զարգացման ռազմավարությամբ ամրագրված մի շարք միջոցառումներ` ուղղված արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաների գրավմանը: Այս առումով զգալի է նաև միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԱԶԿ դերակատարումը ոլորտի զարգացման գործում:  Սկսած 2014 թվականից, ՄԱԱԶԿ-ն իրականացնում է  տեխնիկական օգնության ծրագիր` թեթև արդյունաբերության առաջնային ոլորտներում գործող ընկերությունների արտադրողականության, մրցունակության և արտահանման կարողությունների զարգացմանը։ Ծրագրի առաջին փուլի ընթացքում ձեռք բերված առաջընթացը շարունակական դարձնելու համար մենք անցնում ենք ծրագրի երկրորդ փուլին, որի պաշտոնական մեկնարկը քիչ անց կտրվի ստորագման արարողությամբ», - ասել է նախարար Կարայանը:
Միջոցառմանը մասնակցել են այլ պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հագուստի և կոշկեղենի արտադրության և դիզայնի ոլորտների ղեկավարներ և մասնագետներ, բիզնես հանրության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերին: Այն իրականացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի առաջին փուլը միտված էր  Հայաստանում հագուստի արտադրության ավանդույթների վերականգնմանը, զարգացմանը և արտահանման խթանմանը: Ծրագրի պիլոտային փուլում ընդգրկված էին հագուստ արտադրող ութ ձեռնարկություն: Իրականացվել է յուրաքանչյուր ընկերության հետազոտություն և բազմակողմանի աջակցություն՝ արտադրանքի զարգացման, արտադրության արդյունավետ կազմակերպման, մարդկային ռեսուրսների , ֆինանսների, մարքեթինգի, արտաքին կապերի, իրավական հարցերի և այլ ուղղություններով և տրամադրվել համապատասխան տեխնիկական աջակցություն: Ծրագրի ազգային և միջազգային փորձագետների կողմից կազմակերպվել են մի շարք դասընթացներ և գործնական պարապմունքներ, որոնց արդյունքում ծրագրի շահառու ընկերությունների և «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցի ուսանողների մասնակցությամբ մշակվել և ստեղծվել են ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին համապատասխան նորաձև  հագուստի  համատեղ 5 հավաքածու “5900BC” համատեղ ապրանքանիշի ներքո: Ստեղծված հավաքածուները ներկայացվել են մի շարք միջազգային և տեղական ցուցահանդեսների և այլ միջոցառումների ընթացքում՝ Collection Premiere Moscow, Textillegprom, BEE Together միջազգային գործարար հարթակ (Մոսկվա, Ռուսաստան), ՄԱԱԶԿ 50-ամյակին նվիրված միջոցառում (Վիեննա, Ավստրիա), «Պատրաստված է Հայաստանում» (Երևան, Հայաստան): Միջազգային ցուցահանդեսներին անընդմեջ մասնակցությունը տվել է իր ցանկալի արդյունքները: Հայկական բարձրորակ հագուստի արտադրությամբ սկսել են հետաքրքրվել Ռուսաստանի ամենահայտնի ապրանքանիշները, որոնք իրենց մեծ գոհունակությունն են հայտնել արտահանված ապրանքների բարձր որակի առնչությամբ և երկարատև կայուն համագործակցության պատրաստակամություն հայտնել: Համագործակցություն է հաստատվել Ռուսաստանի ամենահայտնի նորաձևության տներից մեկի «Վալենտին Յուդաշկինի նորաձևության տան» հետ, որի՝ Հայաստանում պատրաստված մոդելները ցուցադրվեցին 2016թ. նոյեմբերին Փարիզում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում՝ արժանանալով մեծ գնահատանքի: 
Ծրագրի փորձագիտական խումբը իր բազմակողմանի աջակցությունն է ցուցաբերում ընկերություններին նմուշների պատրաստման և արտահանման հետ կապված իրավաբանական, մարքեթինգային, ֆինանսական և այլ հարցերի շուրջ: 
Ծրագրի աջակցությամբ ստեղծվել է «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցը: Դպրոցի մասնագետները վերապատրաստվել են Միլանի “Instituto di Moda Burgo” նորաձևության դպրոցում, որոնք 2015թ. փետրվարից սկսել են դասավանդել «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցում Բուրգո դպրոցի դասագրքերով և մեթոդաբանությամբ:
Երկրորդ փուլի ընթացքում ՄԱԱԶԿ ծրագիրը կշարունակի իր աջակցությունը տեքստիլի և հագուստի ոլորտի ձեռնարկություններին և կընդլայնվի՝ ընդգրկելով նաև կաշվե իրեր/կոշկեղենի ոլորտը: Երկրորդ փուլում աշխատանքները կուղղվեն՝ վերականգնելու հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների միջև արդյունաբերական կապերը տարածաշրջանային /մասնավորապես ԵԱՏՄ/ արժեշղթաներում՝ խթանելով ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը, գործարար ու ինստիտուցիոնալ համագործակցությունը տեղական կոշիկ և հագուստ արտադրողների և մոդելավորողների /դիզայն, մոդելավորում/ միջև: Այն կանդրադառնա Հայաստանում կոշիկ/կաշվե իրեր արտադրող ընկերությունների արտադրանքի դիզայնի, որակի և արտաքին շուկա ներթափանցելու հետ կապված խնդիրներին: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play