ԵՄ-Հայաստան երկուստեք պահանջները բավարարող շրջանակային համաձայնագիր կստորագրվի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան


ԵՄ-Հայաստան երկուստեք պահանջները բավարարող շրջանակային համաձայնագիր կստորագրվի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

  • 14-02-2017 14:23:10   | Հայաստան  |  Հասարակություն

Եվրոպական միության (ԵՄ) և Հայաստանի միջև շուտով կստորագրվի երկուստեք պահանջները բավարարող շրջանակային համաձայնագիր: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: 
 
Ըստ նրա` դեռևս մի քանի չհամաձայնեցված կետեր կան, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում: 
Դեսպանի խոսքերով` ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակներում դեռևս լուծված չէ աշխարհագրական տեղանունների հարցը՝ կապված հատկապես կոնյակի և շամպայնի` Հայաստանի կողմից եվրոպական շուկայում տարածման հետ: 
 «Բնականաբար, շատ զգայուն հարց է թե Ֆրանսիայի, թե Հայաստանի համար, քանի որ ունի տնտեսական կարևոր նշանակություն, մասնավորապես, Ֆրանսիայում կոնյակի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 3 մլրդ եվրո, ինչը ծանրակշիռ թիվ է և չի կարելի այն անտեսել»,- ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` ընդգծելով, որ իր բրենդային ապրանքանշաների պահպանության հարցում Ֆրանսիան սկզբունքային դիրքորոշում ունի, որը բացի ոգելից խմիչքներից, տարածվում է նաև այլ ապրանքատեսակների վրա:  
Դեսպանի փոխանցմամբ`նախորդ շաբաթ վերոնշյալ հարցի առնչությամբ Փարիզում տեղի է ունեցել ֆրանսիացի և հայ փորձագետների հանդիպումը, որին հաջորդելու է ևս մեկ հանդիպում այս անգամ եվրամիության մակարդակով: Նա հույս հայտնեց, որ բանակցությունների արդյունքում կողմերին կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը նաև նշեց, որ համակ ուշադրությամբ հետևում է Հայաստանի կառավարության որդեգրած տնտեսական զարգացման քաղաքականությանը, քանի որ տնտեսական ոլորտում ֆրանսիական կողմը մեծ ակտիվություն է դրսևորում: 
«Պետք է նշեմ, որ 2016 թվականին Ֆրանսիան Հայաստանին 20 մլն դոլար օժանադակություն է հատկացրել, այսինքն` տրամադրվող աջակցությունն ավելացել է հինգ անգամով և ներկայումս Ֆրանսիան համարվում է Հայաստանին օժանդակություն ցուցաբերող 3-րդ երկիրը Գերմանիայից և ԱՄՆ-ից հետո»,- նկատեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: 
Վերջինս, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հացին, ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանք չեն խնայում, որպեսզի Արցախյան հակամարտության ուղղությամբ տարվող բանակցային գործընթացում նորից երկխոսության հիմքեր ստեղծվեն, քանի որ այն խաղաղ կարգավորումից բացի այլ լուծում չունի: 
Այդուհանդերձ, դեսպանի համոզմամբ` Արցախյան հակամարտության հանգուցալուծումը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեռքերում է, այլ կախված է հակամարտող կողմերի դրսևորած քաղաքական կամքից: 
Նրա կարծիքով` շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով պարբերաբար արձանագրվող մարդկային կորուստներն անընդունելի են հակամարտող կողմերի համար, հետևաբար ստեղծված իրավիճակն այլևս հնարավոր չէ այդ կերպ շարունակել: 
Ըստ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի` Ֆրանսիան պատրաստակամ է պահը հասունանալուն պես ընդունել հակամարտող կողմերին և աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:   
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն