Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը համերգ-դասախոսություն է անցկացրել Աշտարակի՝ Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում


Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը համերգ-դասախոսություն է անցկացրել Աշտարակի՝ Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում

  • 14-02-2017 16:13:53   | Արագածոտնի մարզ  |  Մշակույթ

 Ս. թ. փետրվարի 13-ին, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում, համերգ-դասախոսությամբ հանդես է եկել Աշտարակի՝ Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Միջոցառումը նվիրված էր մեր ազգային նվագարանների պատմությանն ու անցած ուղուն:
 
Աշտարակ քաղաքի հանրակրթական դպրոցների սաները ծանոթացել են քամանչայի, թառի, դուդուկի, սրինգի, շվիի և այլ փողային գործիքների հնչողությանն ու կատարողական հնարավորություններին: Համերգ-դասախոսությունը հետաքրքիր պատմություններով համեմված վարում էին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանը և իրենք` երաժիշտ կատարողները: Նորայր Դավթյանի հրավերով արհեստավարժ երաժիշտների կողքին, հանպատրաստից ելույթ են ունեցել նաև Աշտարակի երաժշտական դպրոցի շնորհալի սաները:
Համերգին ներկա էին Արագածոտնի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արիս Թովմասյանը, Աշտարակի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների մանկավարժներ և այլոք:
     Համերգի ավարտին, Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Երանուհի Չալաբյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժիշտներին` հետաքրքիր ելույթի համար: Դպրոցի տնօրենն իր երախտագիտությունն է հայտնել նաև ՀՀ մշակույթի նախարարությանը` իր նշանակությամբ ու գեղագիտական ազդեցությամբ աննախադեպ «Մշակութային կանգառ» ծրագրի համար:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին և արդեն կայացել է 15 միջոցառում: Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը: 
     Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
 
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ