«ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով».Վահան Հովհաննիսյան


«ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով».Վահան Հովհաննիսյան

  • 14-02-2017 17:13:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Aravot.am. Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը նախորդ խորհրդարանական ընտրություններին ակտիվ քարոզարշավ էր տանում՝ քննադատելով իշխող Հանրապետականին: Նա մի առիթով հայտարարել էր՝ ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով.
 
«Եթե Հանրապետականն ու դրա ղեկավարները նույնիսկ մի օրենք անցկացնելու հարցն ավելի բարձր են գնահատում, քան պետության իմիջը, ԱԺ արժանապատվությունն ու իրենց սեփական արժանապատվությունը, եթե այս դեպքում նպատակին հասնելու համար ցանկացած միջոցի դիմում են, ուրեմն միշտ էլ կգնան»:
 
Ըստ Վահան Հովհաննիսյանի, ՀՀԿ-ն աշխատեցնում է իր փոշեկուլը՝ քվեահունձ անցկացնելու, իսկ համագործակցության անվան տակ հասկանում է հլու-հնազանդ ենթարկվել իրեն: Վահան Հովհաննիսյանը նույնիսկ ՀՀԿ-ի մասին այսպիսի անեկդոտ էր պատմում. «Փողոցում սոցհարցում են անցկացնում, մի քաղաքացու ասում են՝ դուք ո՞ւմ եք քվեարկելու, ասում է Հանրապետականին: Լավ, ասում է, չես ուզում, ճիշտը մի ասա»:
 
Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ ՀՅԴ-ի քարոզարշավին այլեւս ՀՀԿ-ի մասին այսպիսի անեկդոտներ չե՞ք պատմելու, էլ ոչ մի բառ չե՞ք ասելու, գլխիվայր շո՞ւռ եք տալու ամեն ինչ: Նա պատասխանեց. «Մենք բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են ընտրական օրենքներին եւ ընդունված նորմերի խախտմանը, ահազանգելու ենք միանշանակ, որովհետեւ դա մեր դեմ էլ է: Այս ընտրություններին դրականն այն է, որ մասնակիցները եթե շատ են, նաեւ վերահսկողությունն է մեծանում: Ընտրատարածքներում ամեն մեկն իր շահը գոնե պահպանելով՝ ապահովում է ընդհանուր ընտրությունների մաքրությունը: Սա նույնպես շատ կարեւոր հանգամանք է, եւ մենք այդ մասում ունենալու ենք ուղղակի մասնակցություն: Մենք բոլոր տեղամասերում ներկա ենք լինելու, ունենալու ենք ոչ միայն անդամներ, այլեւ վստահված անձինք, այսինքն, վերահսկողությունը մեր կողմից լիարժեք իրականացվելու է: Բոլոր խնդիրները, որոնք լինելու են, նաեւ ահազանգելու ենք»: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը