Հայաստանի Հանրապետությունը Սիրիա է առաքել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը


Հայաստանի Հանրապետությունը Սիրիա է առաքել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

  • 14-02-2017 18:03:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն է առաքվել սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:
 
Օգնության տրամադրման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Նախագահի աշխատակազմի ջանքերով:
Մարդասիրական օգնությունը (18 տոննա, հիմնականում` սննդամթերք) Սիրիա է առաքվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: «Էրեբունի» օդանավակայանում այն ճանապարհել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփուռքի նախարարությունների ներկայացուցիչները:
Առաջիկա օրերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակի առաքում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն