Հայաստանում և Իրանում հիմնվելու են արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների գրասենյակներ


Հայաստանում և Իրանում հիմնվելու են արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների գրասենյակներ

  • 14-02-2017 18:34:38   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ փետրվարի 11-ից 13-ը Իրան կատարած այցի նպատակներից էր իրանական կողմի հետ քննարկել Հայաստանում ԻԻՀ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների գրասենյակներ հիմնելու հարցը:
 
 Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ Իրանի արդյունաբերական հետազոտությունների և ստանդարտների ինստիտուտի (ISIRI) նախագահի տեղակալի հետ։ Ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակներ բացելու վերաբերյալ` մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ, ինչը կպաստի հայկական արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, զբոսաշրջության աճին և կապահովի տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել նշված գրասենյակները բացել արդեն իսկ ընթացիկ տարվա մարտին (մինչև Նովրուզի ազգային տոնը): «Հալալ»-ի կողմից կկազմակերպվեն հյուրանոցների և ռեստորանների անձնակազմի վերապատրաստման աշխատանքներ։
 Համաձայնություն է ձեռք բերվել արտադրանքի և ծառայությունների համապատասխանության գնահատման ոլորտում փոխըմբռնման հուշագիր ստորագրելու վերաբերյալ` երկուստեք հնարավորություն ստեղծելով համապատասխանության սերտիֆիկատներ տրամադրելու տնտեսվարող սուբյեկտներին:
 Այդպիսով՝ հայկական արտադրանքի սերտիֆիկացումը կկազմակերպվի Իրանում, իսկ իրանական արտադրանքինը` Հայաստանում։ Նպատակն իրագործելու համար Հայաստանում կստեղծվեն լաբորատոր կարողություններ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն