Պոլսահայ համայնքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ժողովրդի աջակցության կարիքն ունի. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)


Պոլսահայ համայնքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ժողովրդի աջակցության կարիքն ունի. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)

  • 15-02-2017 17:56:25   | Հայաստան  |  Հասարակություն



«Պոլսահայ համայնքն այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ժողովրդի աջակցության կարիքն ունի»,- փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամները` կոչ անելով հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներին և առահասարակ հանրությանը միանալ իրենց ձեռնարկած պայքարին: 
 
Ինչպես տեղեկացրեց վերոնշյալ նախաձեռնության անդամ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, սույն թվականի մարտի 6-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվելու է գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողով` աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվելու է Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հարցը: 
Ըստ նրա` Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականը ատենապետի և պատրիարքարանին կից գործող «Հովակիմ 1461» հիմնադրամի փոխնախագահի պաշտոնից աննախադեպ իրավիճակ է ստեղծել: 
Ս. Հացպանյանի խոսքերով, եթե մինչ այս Պոլսո պատրիարքի ընտրություններին Ս. Մաշալյանը կարող էր համարվել Արամ Աթեշյանին մրցակից թեկնածու, ապա Կրոնական ժողովի ատենապետի պաշտոնից հրաժարվելուց հետո նա այլևս չի մասնակցի ընտրություններին և Ա. Աթեշյանը կդառնա միակ թեկնածուն: Նշենք, որ երկու օր առաջ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը համայնքային մամուլին ուղարկված իր նամակում, մասնավորապես, նշել է. «Իր լիազորություններն օգտագործելով 8 տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձայն եկեղեցական օրենքների՝ նա արժանի է պատժի»: 
«Սահակ Մաշալյանի հետ կատարվածը փետրվարի 13-ի արդյունք չէ, քանի որ Արամը ևս մեկ բան է արել. Սուրբծննդյան տոների առթիվ մատաղօրհնության արարողության ժամանակ Սահակ սրբազանին թույլ չի տրվել սեղանը օրհնել` այն պատճառաբանությամբ, թե Արամ Աթեշյանն է այդպես հրամայել»,- պարզաբանեց Ս. Հացպանյանը` հավելելով, որ դեռ հունվարին «Ակոս» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ս. Մաշալյանը տեղեկացրել է Պոլսո պատրիարքարանում առաջացած երկփեղկվածության մասին: 
Ս. Հացպանյանի պնդմամբ` Ա. Աթեշյանի կողմից Ս. Մաշալյանին նման կերպ ողջ համայնքի մոտ խայտառակելն ունեցել է մեկ նպատակ. Այն է` այնպես անել, որպեսզի Ս. Մաշալյանն այլևս չցանկանա մասնակցել Պոլսո պատրիարքի ընտրություններին: 
Փորձագետի գնահատմամբ` Սահակ եպիսկոպոսի հրաժարականն աննախադեպ է այնքանով, որ այն փակեց Պոլսո պատրիարքարանի դռները. «Այսինքն` այնտեղ ստեղծվել է ոչ գործունակ վիճակ միայն այն պատճառով, որ Արամ Աթեշյան անունով անպատիժ մեկը, թիկունքում ունենալով պաշտոնական Անկարայի հովանավորությունը, վարվում է այնպես, ինչպես ցանկանում է` հաշվի չառնելով համայնքի կարծիքը»,- ասաց նա` ենթադրելով, որ Ս. Մաշալյանի համբերության բաժակն այլևս լցվել է:  
Ս. Հացպանյանի համոզմամբ` Ա. Աթեշյանն այսքան հեռու չէր գնա, եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մինչ օրս նրա հետ կապված բոլոր դեպքերի առնչությամբ «ջայլամի կեցվածք» չդրսևորեր: 
«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնության մեկ այլ անդամ, լրագրող Գոհար Արշակյանի կարծիքով` Ս. Մաշալյանի ընդվզումը պետք է հիմք ծառայի հայոց հոգևոր հոտի համախմբման համար:
Նրա տեղեկացմամբ` իրենք Ա. Աթեշյանի կողմից վարվող ոչ հայանպաստ գործունեության մասին մոտ 37 նամակ են հղել Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդներին` այդ առնչությամբ վերջիններիս կարծիքն իմանալու համար, սակայն ստացել են ընդամենը մեկ պատասխան: 
Իսկ թե ո՞ր թեմի հոգևոր առաջնորդից է եղել պատասխանը, Գ. Արշակյանն առայժմ չբացահայտեց:   
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն