Սուրեն Կարայանն այցելել է Երևանի կաշվի վերագործարկվող գործարան


Սուրեն Կարայանն այցելել է Երևանի կաշվի վերագործարկվող գործարան

  • 15-02-2017 16:22:17   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շարունակում է իր այցելությունները 2017 թվականին ներդրումներ իրականացնող ձեռնարկություններ։
Նախարարն այս անգամ այցելել է վերագործարկվող Երևանի կաշվի գործարան՝ ծանոթանալու արտադրությանը, խնդիրներին և քննարկելու համագործակցության հնարավորությունները։
 
Սուրեն Կարայանը շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթանալով հումքի մշակման գործընթացին։ Նախարարի առաջարկով գործարան են այցելել նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչները, որպեսզի նախարարության և կազմակերպության կողմից քննարկվի «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում գործարանին տրվող հնարավոր աջակցությունը։
Ծրագրի մեկնարկը տրվել էր նախօրեին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՄԱԱԶԿ-ի միջև ստորագրման պաշտոնական արարողությամբ։ Երկրորդ փուլում շեշտադրումը լինելու է հենց կաշվե իրերի արտադրությանն աջակցությունը։ Նախարարն իր խոսքում նշել է, որ պարբերաբար այցելելու է գործարան՝ իրազեկվելու խնդիրներին, ինչպես նաև դիտարկելու պետության աջակցության գործիքակազմի և ծրագրի շրջանակներում տրվելիք օժանդակությունը։ Նախարարի խոսքով՝ հաջորդ այցը կլինի երեք ամիս անց, երբ գործարանը ավարտին կհասցնի կաշվի մշակման ողջ ցիկլը։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր համատեղ գործողությունների արդյունքում կաշվի արտադրության ողջ շղթան՝ հումքի մշակումից մինչև կաշվե իրերի վերջնական արտադրություն, տեղի ունենա Հայաստանում՝ ստեղծելով ավելացված արժեք»,- նշել է Սուրեն Կարայանը։ 
Գործարանի գործադիր տնօրեն Աշոտ Գոմցյանը նշել է, որ ներկայումս 100-ից ավելի աշխատակիցներ ունի գործարանը, 3 ամսից, երբ ավարտվի հումքի մշակումը, նրանց թիվը կավելանա։ Իսկ ընթացիկ տարվա ավարտին ներդրողները նախատեսում են ստեղծել 700 աշխատատեղ։
«Մենք ծրագրում ենք նաև կաշվե իրերի հայկական արտադրություն՝ կոշիկ և կաշվե իրեր՝ ձեռնոցներ, պայուսակներ, գոտիներ և այլն»,- ասել է Աշոտ Գոմցյանը։ Վերջինս աև հավելել է, որ նախարարության հետ մշտապես կապի մեջ են՝ իրենց խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու և իրազեկելու արտադրության ընթացքի վերաբերյալ։   
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն