Վահան Մարտիրոսյանը գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր


Վահան Մարտիրոսյանը գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

  • 15-02-2017 16:57:31   | Գերմանիա  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, տրանսպորտային ուղևորափոխադրումների, թվային ենթակառուցվածքների ոլորտներին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև պետական-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով գերմանական փորձի, տեխնիկական ներուժի և գերմանական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միասնական տրանսպորտային համակարգ ստեղծելու, կառավարելու և շահագործելու գործում գերմանական տրանսպորտային օպերատորների ներգրավման հնարավորությանը:
 
Քննարկվել են նաև թվային ենթակառուցվածքների և թվային հավելյալ արժեք ունեցող ծառայությունների և բովանդակությանն առնչվող հարցեր:
 
Ողջունելով հայկական կողմի նախաձեռնությունները՝ Նորբերթ Բարթլեն հավաստիացրել է, որ իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն երկկողմ համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը:
 
Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին հրավիրել է Հայաստան, որը հավանության է արժանացել Ն. Բարթլեի կողմից:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն