Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը


Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը

  • 15-02-2017 17:20:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

15 փետրվարի, 2017թ, Երևան. Բրիտանական խորհուրդը, Beeline–ը Հայաստանում և Բրիտանական դեսպանատունը Երևանում հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի մեկնարկի մասին։  
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում։ Փառատոնի բացումը կմեկնարկի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով, որի ռեժիսորն է եվրոպական կինոյի դասականներից Քեն Լոուչը: Նա այս ֆիլմի համար երկրորդ անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին:
 
 «Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են  մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը:  Այս տարի շատ խորհրդանշանական տարի է, քանի որ նշվում է 15-րդ Բրիտանական ֆիլմերի փառատոնը, իսկ մեր ընկերությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աջակցում է փառատոնի իրականացման գործընթացին: Մենք ուրախ ենք և հպարտ, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այս տարի Բրիտանական խորհուրդը նշում է իր գործունեության 15-րդ տարին: Բրիտանական ֆիլմերի փառատոնը մենք կազմակերպել ենք մեր գործունեության առաջին իսկ տարուց: Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է Բրիտանական խորհրդի այցեքարտը: Այս տարի ևս ֆիլմերի ընտրության մոտեցել ենք ամենայն պատասխանատվությամբ` հայ հանդիսատեսին ներկայացնելով բրիտանական ժամանակակից լավագույն  կինոն»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Այս տարվա ծրագիրը ներառում է ֆիլմեր, որոնք դիտարկում են մարդու իրավունքների տարբեր ասպեկտները: Մենք որոշել ենք ֆինանսավորել այս թեմայի խթանումը, քանի որ մարդու իրավունքների խթանումը գերակայություն է բրիտանական կառավարության համար: Ֆիլմերը գերազանց միջոց են դրա համար, քանի որ դրանք կարող են օգնել, որ մենք աշխարհին նայենք այլ տեսանկյուններից, ուրիշների աչքերով:»,- նշեց Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։  Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից  24-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր չորս անգամ։ Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։  Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային:
Այս տարի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն  BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին և երեք ֆիլմ, որոնք բարձրաձայնում ենք մարդու իրավունքների թեման: Ֆիլմերից հետո կկազմակերպվեն քննարկումներ:
Փառատոնի հյուրերն են Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը: Քերոլայն Պիրեսը դասընթացներ կանցկացնի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համար փետրվարի 20-ից 24-ը, իսկ Սառա Մոսսեսը դասընթացներ կանցկացնի համալսարանի ուսանողների համար փետրվարի 20-ին և 21-ին:
Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։  
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play