Սփյուռքի ներուժի իրացմանն ուղղված աշխատանքները ներկայացվել են վարչապետին

15-02-2017 18:46:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ  խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերում, կառավարման ոլորտում սփյուռքի ներգրավմանն ու առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր: 
 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է սփյուռքի հայկական գաղթօջախների հետ համագործակցության ուղղությունները և նշել, որ ստեղծվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում  հայ համայնքների հետ հարաբերությունների լայն ցանց: Հրանուշ  Հակոբյանի խոսքով՝ կատարվել են ծավալուն աշխատանքներ սփյուռքի պոտենցիալը Հայաստանի և Արցախի զարգացմանն ուղղելու նպատակով, որի արդյունքում կան բազմաթիվ հաջողակ օրինակներ: 
Վարչապետ Կարապետյանը կարևորել է սփյուռքի հետ ակտիվ համագործակցությունը և նախարարին հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, արդեն իսկ մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները հետևողականորեն ներկայացնել սփյուռքահայ ներդրողներին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Սփյուռքի նախարարության կողմից ստեղծված ցանցն ավելի առարկայական օգտագործել և այդ աշխատանքներում ներգրավել նաև արտերկրում ՀՀ դեսպանություններին: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից