ԱԻ նախարար Դ. Տոնոյան. «Փրկարարը պետք է ունենա մրցունակ կրթություն»

Այցելություն ԱԻՆ ակադեմիա

16-02-2017 11:28:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այցելեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ): ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանի և ակադեմիայի ռեկտոր գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց ակադեմիայի լսարաններով ծանոթացավ ԲՈՒՀ-ի ուսումնական ծրագրերին և տեխնիկական հնարավորություններին, մասնավորապես՝ խաղարկային և սիմուլյացիոն սենյակների հագեցվածությանը, որտեղ իրականացվում են իրավիճակային խաղեր և պրակտիկ ուսուցում: 
 

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ակադեմիայի ուսումնական ծրագրի հագեցման և բարելավման հնարավորությունները: Նախարար Տոնոյանը հատկապես կարևորեց ապագա փրկարարների ֆիզիկական պատրաստվածության խնդիրը՝ շեշտելով վարժանքների կենտրոնի ստեղծման կարևորությունը, ինչը զարկ կտա նաև ակադեմիայում կիրառական սպորտի զարգացմանը: Նախարարն անդրադարձավ նաև փրկարարների ուսուցմանն առաջին բժշկական օգնության ցուցաբերման հարցում՝ նշելով, որ այս բնագավառում անելիքներ շատ կան և հարկավոր է ներդնել միջազգային փորձը: 
 
-Կրթությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում պետք է լինի մրցունակ,-հավելեց նախարար Տոնոյանը: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև միջնակարգ դպրոցների կրթական համակարգում անվտանգության մշակույթի ներդրման նորարարական մեխանիզմների և մոտեցումների կիրառումը: Նախարար Տոնոյանը հանձնարարեց համագործակցել «dasaran.am» վեբ-հարթակի հետ՝ երեխաների համար անվտանգության կանոնները քարոզող և ուսուցանող էլեկտրոնային նյութեր և խաղ մշակելու նպատակով: 
 
Քննարկվեց ակադեմիայում սոցիալապես անապահով ուսանողների ուսման վճարների սուբսիդավորումը, ինչպես նաև՝ 2016թ.-ի Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ներգրավված երիտասարդներին ակադեմիայում ուսանելու որոշակի արտոնություններ տրամադրելու հնարավորությունները: 
 
Նախարար Տոնոյանն անդրադարձավ նաև ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցերին՝ կարևորելով լավ պատրաստված կադրերի հոսքն ակադեմիայից ԱԻ նախարարություն: 
 
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան տարեկան ունենում է մոտ 220 շրջանավարտ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից