Մասնագետները բարձր են գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ անվանելով այն հայ կոմպոզիտորների գործերը ներկայացնող լավագույն հարթակ


Մասնագետները բարձր են գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ անվանելով այն հայ կոմպոզիտորների գործերը ներկայացնող լավագույն հարթակ

  • 16-02-2017 13:42:15   | Հայաստան  |  Մշակույթ

Փետրվարի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ազդարարվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի բացումը, փառատոն, որ նվիրվում է 20-րդ դարի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին։
 
Փառատոնի բացման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են Հարո Ստեփանյանի Սիմֆոնիկ պարերը, որոնք ի դեպ կատարվում էին առաջին անգամ, Արթուր Ահարոնյանի սոպրանոյի և լարային նվագախմբի համար Սիրո երգերը (մենակատար՝ Ջուլիետա Ալեքսանյան, սոպրանո), Գրիգոր Հախինյանի Քանոնի կոնցերտը (մենակատար՝ Կարինե Հովհաննիսյան, քանոն, վերագործիքավորումը քանոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Մելիք Մավիսակալյանի) և Մարտին Վարդազարյանի ՙՆվիրում Բարտոկին՚ սիմֆոնիկ պոեմը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։
Ռուբեն Ասատրյանը բարձր է գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Նա հիշեց, որ խորհրդային տարիներին գործում էր ռադիոյի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը կատարում էր բոլոր այն գործերը, որոնք գրվում էին մեր կոմպոզիտորների կողմից։ ՙԱյս առումով այն ինքնատիպ մի լաբորատորիա էր։ Սակայն անկախությունից հետո այդ նվագախումբը կազմալուծվեց։ Այս ոլորտում առաջացած բացն այսօր արդեն լրացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նախաձեռնելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Փառատոնի ընթացքում հնչում են պրեմիերաներ, գործեր, որոնք շատ վաղուց չեն կատարվել, գործեր, որոնք երեկ են գրվել։ Եվ ես նկատել եմ, որ մեր ունկնդիրը մեծ կարոտով է վայելում այդ ստեղծագործությունների կատարումները՚,- նշել է դիրիժորը։ 
Քանոնահարուհի Կարինե Հովհաննիսյանը Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին մասնակցում է առաջին անգամ և ընդգծում է, որ Գրիգոր Հախինյանի Կոնցերտը գրված քանոնի համար միշտ եղել է կոնսերվատորիայի ծրագրում, սակայն սիմֆոնիզացված տարբերակով հնչում է առաջին անգամ։ 
Ըստ երաժշտագետ Օլյա Նուրիջանյանի՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ կարևոր, մշակույթի համար պետական նշանակության գործունեություն է ծավալում՝ նորանկախ երկրի պատմության մեջ ամեն անգամ մենագրության ձևով անդրադառնալով որևէ կոմպոզիտորի ստեղծագործությանը և նրա շուրջ հայ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչներին։ Այդպիսով հնարավորություն է տալիս ունկնդիրներին և, ինչու ոչ, պրոֆեսիոնալներին, լսել, ծանոթանալ հայ երաժշտությանը։ Երաժշտագետը, խոսելով Հարո Ստեփանյանի արվեստի մասին, նշել է, որ նա շատ ակտիվ երաժիշտ է եղել, բազմակողմանի գործունեություն ծավալող անձնավորություն և ժամանակի մեջ շատ կարևոր անդրադարձեր է ունեցել որպես կոմպոզիտոր, մանկավարժ։ Եվ ամենակարևորը՝ Հարո Ստեփանյանը եղել է մեծագույն հասարակական գործիչ։ Այդպիսի մարդուն անդրադառնալն օրինակ է, թե ինչպիսի անձնավորությունների շնորհիվ է մեր երաժշտական մշակույթն ապրել։ 
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ