«Սանիթեք» ընկերությունն արձագանքում է սոցիալական ցանցում տարածված տեսանյութին


«Սանիթեք» ընկերությունն արձագանքում է սոցիալական ցանցում տարածված տեսանյութին

  • 16-02-2017 17:29:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ փետրվարի 16-ին, Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է «Գազել» մակնիշի ավտոմեքենային վազանց կատարող՝ «Սանիտեք» ընկերությանը պատկանող բեռնատարը: Ըստ նախնական տեղեկության` «Գազել»-ը շտապօգնության մեքենա է: Արձագանքելով տեսանյութի շուրջ հանրային մեկնաբանություններին՝ «Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ GPS համակարգի միջոցով արդեն իսկ պարզվել է, թե որ աշխատակիցն է եղել ղեկին: Այս պահին աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունները ժամանակավորապես դադարեցվել են մինչև մասնագիտական փորձաքննությունը կպարզի`  ճանապարհային երթևեկության կանոնների խախտում առկա է, թե ոչ:
«Սանիթեքի»` որպես հանրային ծառայություն մատուցող ընկերության  հիմնական սկզբունքն է ցանկացած պարագայում շրջապատի հանդեպ ուշադիր և հոգատար լինելը, ինչպես նաև` հասարակությունում ընդունված բարոյական վարքականոնները պահպանելը: 
 
Միաժամանակ «Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում նշել, որ ընկերության վարորդների կողմից բեռնատար մեքենաներն արագ վարելու դեպքեր գրանցվել են նաև նախկինում, և բոլոր դեպքերում համապատասխան քայլեր են ձեռնարկվել: Ի հավելումն, մի շարք բացատրական աշխատանքներ են տարվել և բոլոր աշխատակիցներին, այդ թվում` վարորդներին, ներկայացվել  են աշխատանքային հիմնական սկզբունքները։ Կոնկրետ դեպքերով պայմանավորված՝ կիրառվել է նաև վարչական տույժ: 
Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերության աշխատակիցների թիվն այս պահին շուրջ 1000 է։ Նրանք բոլորն ունեն բժշկական ապահովագրություն: Ընկերությունը քայլեր է ձեռնարկում աղբահանության ոլորտում աշխատելու մշակույթի հանդեպ հանրության վերաբերմունքը փոխելու և այս ոլորտում ավելի բարձր մասնագիտական հատկանիշներով մարդկանց ներգրավելու համար: 
###
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն