Ընտրողները «Ելք» դաշինքին պետք է ձայն տան երկրում ներկայիս ստատուս քվոն փոխելու համար. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)


Ընտրողները «Ելք» դաշինքին պետք է ձայն տան երկրում ներկայիս ստատուս քվոն փոխելու համար. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

  • 16-02-2017 18:43:11   | Հայաստան  |  Հասարակություն



Ընտրողները  «Ելք» դաշինքին պետք է ձայն տան երկրում ներկայիս ստատուս քվոն փոխելու համար: Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին  «Ելք» դաշինքի առաջնորդները: 
 
Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ այսօրվա ստատուս քվոն անկախության 25 տարիների ընթացքում կուտակված խնդիրներն են:
«Ստատուս քվոն փոխելու տակ ես հասկանում եմ եղած կոռուպցիոն, հիվանդ քաղաքական համակարգը, երկրում անհամաչափ զարգացումը, իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները, ունենք դատական համակարգ, բայց ոչ դատական իշխանություն, ունենք գործադիր իշխանություն, որի կցորդն են դարձել դատական և օրենսդիր իշխանությունները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, այսինքն՝ մենք գալիս ենք այս ստատուս քվոն փոխելու»,- ասաց նա:
Է. Մարուքյանի պնդմամբ՝  ինքը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ունեցել են մեկական մանդատ, սակայն ի տարբերություն շատ պատգամավորների՝  իրենք եղել են ակտիվ և լավագույնս արդյունավետ կերպով օգտագործել են իրենց լիազորությունները:  
Նրա խոսքերով՝ իր և Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը երբևէ ձևական բնույթ չի կրել. «Կոնկրետ իմ մասով կարող եմ փաստերով ներկայացնել, թե ում մատից եմ փուշ հանել: Ինձ հիմնականում դիմել են պետական իրավական խնդիրներով, հարյուրավոր մարդկանց իրավունքներ եմ պաշտպանել, այսինքն՝ ժողովրդի կողմից ինձ տրված մանդատը հնարավորինս արդյունավետ եմ օգտագործել»: 
«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ «Ելք» դաշինքի օգտին պետք է քվերակեն այն քաղաքացիները, ովքեր հավատում են, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր է դարձնել անվտանգ և զարգացող երկիր:
Ավելին՝ «Ելք» դաշինքի առաջնորդները Հայաստանն ապագայում տեսնում են որպես արդյունաբերական երկիր: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն