«Օրինաց երկիրը» մղձավանջի նման հետապնդում է Արթուր Բաղդասարյանին


«Օրինաց երկիրը» մղձավանջի նման հետապնդում է Արթուր Բաղդասարյանին

  • 16-02-2017 19:16:41   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՎԿ նախընտրական ցուցակի առաջին հինգ տեղերի հրապարակումը ցույց է տվել, որ իրականում ոչ մի «Հայկական վերածնունդ» կուսակցություն էլ գոյություն չունի, մենք գործ ունենք «Օրինաց երկիր» կուսակցության հետ, որը այժմ փորձում է ներկայանալ որպես «Հայկական վերածնունդ» ՝ հանրությանը շփոփության մեջ գցելու և «Օրինաց երկիր» կուսակցության խայտառակ անցյալից ազատվելու համար:
 
Եվ այսպես ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակում միայն ՕԵԿ անդամներ են և ոչ մի նոր դեմք ու անուն, ինչպես որ հույս ունեին այդ կուսակցությանը անդամակցած բազմաթիվ երիտասարդներ:
 
Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ
 
Արթուր Բաղդասարյանը, երկրորդը ՝ Մհեր Շահգելդյանն է, երրորդը ՝ Հեղինե Բիշարյանը (խիստ զարմանալի է, որ նա ոչ թե երկրորդն է, այլ ՝ ընդամենը երրորդը), հետո Հովհաննես Մարգարյանն է ու Իշխան Խաչատրյանը: Բոլորի համար էլ պարզ է, որ ցուցակի մյուս համարներին անդրադառնալն անիմաստ է, քանի որ «Հայկական վերածնունդը» լավագույն դեպքում կարող է ստանալ 5 տոկոս, իսկ այդ դեպքում պատգամավոր կդառնան հենց հիշյալ հինգը: Այս հինգ հոգուց չորսը գործող խորհրդարանի պատգամավորներ են:
 
Փաստորեն ՝ խորհրդարանից դուրս է մղվել միայն Հեղինե Բիշարյանի փեսա Լևոն Դոխոլյանը: Հիմա արդեն հասկանալի է նաև, թե ինչու փլուզվեց «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, ինչու այդ կուսակցությանը մաս կազմող մյուս կուսակցությունները հերթով հայտարարեցին, որ դուրս են գալիս «Հայկական վերածննդից»: Արթուր Բաղդասարյանը նրանց օգտագործեց «Օրինաց երկիր» անունից հրաժարվելու համար, իսկ հետո քցեց նրանց, պարզ հասկացնելով, որ նրանք այլևս իրեն պետք չեն:
 
«Հայկական վերածնունդը» որևէ առնչություն չունի ՕԵԿ-ի հետ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արթուր Բաղդասարյանը, մոռանալով որ ընդամենը մի քանի օր առաջ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարեց ինքնալուծարման և «Հայկական վերածննդին» միանալու մասին:
 
Բաղդասարյանը չի ուզում ընդունել անգամ, որ մինչև այսօր խորհրդարանում գործող խմբակցությունը կոչվում է ոչ թե «Հայկական վերածնունդ», այլ ՝ «Օրինաց երկիր», որովհետև Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքը թույլ չի տալիս անվանափոխել խմբակցությունները: Պարզ է մի բան. Արթուր Բաղդասարյանին թվում է, թե իր ձախորդությունների հիմնական մեղավորը «Օրինաց երկիր» անվանումն է և եթե իրեն հաջողվի ազատվել այդ անունից, ապա միանգամից կսկսվի հաջողությունների փուլը: Բայց, «Օրինաց երկիրը» մղձավանջի նման հետապնդում է նրան և մինչև հիմա էլ բոլորը նրան համարում են հենց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ՝  դրանից բխող բոլոր հետևանքներով: Ստեղծված վիճակից փրկության միայն մի ելք կա ՝ սարքել «Օրինաց երկիր» կուսակցության խրտվիլակը և այն հրապարակային այրել: Գուցե այս մեթոդը օգնի Բաղդասարյանին ազատվել այդ անվան չար ազդեցությունից և առաջիկա խորհրդարանական ընտրություններում գոնե 5 տոկոս ձայն ստանալ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն