Նիկոսիայում ներկայացվել է միջհամայնքային համագործակցության ոլորտում հայկական փորձը

16-02-2017 19:43:54   | Կիպրոս  |  Մամլո հաղորդագրություն
 

           
Սույն թվականի փետրվարի 8-ին Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում կայացել է «Միջհամայնքային համագործակցությունը և պատշաճ կառավարումը: Կիպրոսը և եվրոպական փորձը» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի մեկ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովը կազմակերպվել էր Կիպրոսի «Համայնքների Միություն» կողմից՝ ԵԽ ժողովրդավարության և կառավարման կոմիտեի աջակցությամբ: Միջհամայնքային համագործակցության ոլորտում հայկական փորձը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի խորհրդական Դավիթ Ղազարյանը:
 Խորհրդաժողովի մասնակիցների կողմից կարևորվել է միջհամայնքային փոխգործակցության ինստիտուտի դերը տեղական ինքնակառավարման համակարգում՝   համայնքային խնդիրների լուծման գործում: Միևնույն ժամանակ շեշտվել է, որ միջհամայնքային համագործակցությունը «սառեցնում է» առկա խնդիրները: Օրինակ`  կարող է արձանագրել որոշակի հաջողություններ կոնկրետ խնդիրների լուծման գործընթացում, սակայն երկարաժամկետ հեռանկարում առավել  արդյունավետ է խոշորացման, կոնսոլիդացման ճանապարհով համայնքի հնարավորությունների ընդլայնումը:
 Հաշվի առնելով, խնդրի հրատապությունը և տեղական բարեփոխումներում ԵԽ անդամ երկրների  կողմից փորձի փոխանակման կարևորությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել միջհամայնքային համագործակցությանը վերաբերող խորհրդաժողովները կրեն շարունակական բնույթ, ինչպես նաև կազմակերպվեն ճանաչողական այցեր եվրոպական համայնքային փոխգործակցության հարուստ փորձ և զարգացած համակարգեր ունեցող երկրներ` գործնականում միջհամայնքային համագործակցության մոդելները դիտարկելու և առկա փորձին  անմիջականորեն  ծանոթանալու նպատակով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից