«Ելք» դաշինքի քաղաքական խնդիրն է վերականգնել արտադրական տարածքները և վերագործարկել «Նաիրիտը». (Տեսանյութ)



16-02-2017 19:44:40   | Հայաստան  |  Հասարակություն
«Այսօր արտադրական տարածքները վերածվել են թուրքական ապրանքների վաճառքի տարածքների, և մեր քաղաքական խնդիրն է վերականգնել դրանք»,- փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 
 


Ըստ նրա՝  Հայաստանի կառավարությունն իր տնտեսությանը չի տիրապետում, քանի որ պատկան մարմինները Հայաստանի տնտեսության զարգացումը պայմանավորում են Ռուսաստանից և ԱՄՆ-ից եկող տրանսֆերներով, կամ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով: 
«Մենք Հայաստանի հանրապետությունում տնտեսություն չունենք, սա պետք է արձանագրել. Տնտեսությունը, որը վերաարտադրում է 2,7 մլրդ դոլար բյուջետային եկամուտ, որի մեծ մասը ձևավորվում է տրանսֆերներիով եկած գումարների մուլտիպլիկատիվ էֆեկտից, ինչ տնտեսության մասին է խոսքը: Մենք պետք է ոչ թե խոսենք տնտեսություն զարգացնելու, այլ 0-ից տնտեսություն հիմնելու մասին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Հայաստանում պետք է վերականգնել արտադրությունը: 
Ն. Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում աշխատատեղեր, բյուջետային եկամուտներ և երկրում անվտանգության աստիճանի բաձրացումն ապահովող միակ ոլորտն արդյունաբերությունն է: 
Կիսելով Ն. Փաշինյանի համոզմունքն արդյունաբերության զարգացման մասով՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ընդգծեց, որ իրենց համար մեկ խնդիրն է անմիջապես վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: 
«Այդ գործարանը ունի մեծ պոտենցիալ մեր մետալուգիական համակարգը լրացնելու, այնպես չի որ այդ գործարանը կույրաղիք է, թողել են. Ես ձեզ ասեմ, որ ընդհանրապես կաուչուկի արտադրության ամենամեծ ձեռնարկությունը «Դյուպոնն» է, որն արտադրում է 50 հազար տոննա կաուչուկ աշխարհում, Չինաստանը՝ 23 հազար տոննա, իսկ «Նաիրիտ»-ը՝ 27 հազար, վաղուց չինացիներն առաջարկում են մեր պոտենցիալները միավորել, որպեսզի երկուսով մրցակից դառնան «Դյուպոնին». Այս գործընթացը տեղից չի շարժվում շատ պարզ պատճառով, կոռուպցիոն ռիսկերի, իշխանությունների փայ մտնելու բնավորության, նաև արտաքին քաղաքական որոշակի ազդակների պատճառով»,- ասաց Ա. Սարգսյանը՝  հավելելով, որ Հայաստանում շատ արագ հնարավոր է զարգացնել նաև կոշիկի և տիրկոտաժի արտադրությունը, որոնք հիմնական կանացի աշխատատեղեր ապահովող ուղղություններն են: 
 
 
էլիզա Զախարյան, 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից