Հարուցվել է քրեական գործ 30 օրեկան երեխայի մահվան դեպքի առթիվ. զննությամբ հայտնաբերվել է գանգի կոտրվածք

16-02-2017 19:48:14   | Հայաստան  |  Մարդու իրավունքներ
 


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 30 օրեկան երեխայի մահվան հանգամանքները պարզելու  ուղղությամբ:
 
2017թ. փետրվարի 10-ին՝ ժամը 05:05-ին, շտապօգնության կայանից  ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում  հանկարծամահ է եղել  30 օրեկան տղա երեխա: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն , դիակի զննությամբ փորձագետները հայտնաբերել են գանգի կոտրվածք։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ): Երեխան ճանաչվել է տուժող, հարցաքննվել են երեխայի ծնողները, հարազատները, բուժաշխատողները։ 
Նախնական քննության տվյալներով՝  երեխայի մայրը ծննդաբերել է 2017թ. հունվարի 10-ին, իսկ  ծննդատնից դուրս գրվել հունվարի 18-ին։ Ըստ բժիշկների՝ նորածնի մոտ նկատվել էր գլյուկոզայի նվազեցում և մաշկի դեղնության ինտենսիվացում, ուստիև՝ համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել նրան։
Հարազատների ցուցմունքների համաձայն՝ դուրս գրվելու ժամանակ  փոքրիկի գլխի հետևի ձախ կողմում նկատել են անհարթություն, սակայն կարևորություն չեն տվել՝ մտածելով, որ նա 8 օր շարունակ գտնվել է բժիշկների հսկողության ներքո։ Հարազատները հայտարարել են, որ երեխան տանը վայր չի ընկել, գլուխը որևէ տեղ պատահաբար չի դիպել։  Բժիշկները ևս իենց ցուցմունքներում բացառել են նորածնի՝ բաժանմունքում գտնվելու ընթացքում մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը։
Քննությամբ պարզվել է, որ նորածնի հարազատները, դուրս գրվելուց հետո, նրան բժշկական հետազոտման են տարել երկու այլ բժշկական կենտրոն։ Քննիչի որոշմամբ՝ այդ երկու բժշկական կենտրոններից առգրավվել են երեխայի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը, իսկ ծննդատնից՝ ծննադաբերության, նորածնի զարգացման պատմագիրը, հղիի և ծննդկանի անհատական քարտը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները, ծանր մարմնական վնասվածքն ստանալու հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մարդու իրավունքներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից