Փետրվարի 20-24-ը Հայաստանում հայտարարված է կրթության որակի շաբաթ

17-02-2017 11:24:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարում է կրթության որակի շաբաթ: 
Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող որակի շաբաթվա նպատակն է թե կրթության ոլորտի ներկայացուցիչների, թե ղեկավար օղակների և թե հասարակության ուշադրությունը հրավիրել կրթության որակի ապահովման վրա՝ քննարկելու առկա խնդիրները, կիսվելու լավագույն փորձով և ձևավորելու ապագայի ընդհանուր տեսլական:
Առաջիկա որակի շաբաթվա ընթացքում տեղի կունենան աշխատաժողովներ նվիրված ուսանողների, երիտասարդ դասախոսների, մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանության խնդիրներին, իսկ շաբաթը կամփոփվի  երկօրյա համաժողովով, որի թեման կլինի գնահատման համակարգերի բարելավումը:
 
Որակի շաբաթը կմեկնարկի փետրվարի 20-ին՝ ուսանողներին նվիրված աշխատաժողովով:
Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ, կրթության կառավարիչներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Աշխատաժողովը կդառնա քննարկման հարթակ՝ բարձրաձայնված խնդիրների էությունը հասկանալու և լուծման ընդունելի  և արդյունավետ ուղիներ որոնելու համար:
Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն  հետևյալ թեմաները՝ բուհական ռեսուրսների հասանելիությունը բոլոր ուսանողներին՝ անկախ ուսումնական հաստատությունից; աշխատաշուկայի պահանջները և բուհական կրթության համապատասխանությունը դրանց; մագիստրոսական կրթության բացերը. մագիստրոսը որպես հետազոտող մասնագետ և աշխատուժ; բուհական կրթություն. ինչի՞ համար է վճարում ուսանողը:
ՈԱԱԿ-ը, կարևորելով  դասախոսների դերը որակի ապահովումը լսարան հասցնելու գործում, փետրվարի 21-ի աշխատաժողովը կնվիրի երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը: 
Աշխատաժողովի ընթացքում, քննարկումների միջոցով լուծման ուղիներ դուրս բերելու նպատակով,  անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝ կրեդիտային համակարգի առանձնահատկությունները և  կրեդիտների բաշխումը; ուսանողներին անհրաժեշտ կարողությունները, ՄԿԾ վերջնարդյունքների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, պրակտիկ և տեսական կրթության համամասնությունը; միջդիսցիպլինար համագործակցության խթանումը տարբեր բուհերի և նույն բուհի տարբեր մասնագիտությունների միջև; գնահատումը և դասավանդումը. չափորոշիչներ և մեթոդաբանություն, գնահատման համակարգի բարելավման ուղիներ; որակյալ կրթություն ապահովելու գործում ռեսուրսների նշանակությունը և առկայությունը, այլընտրանքային լուծումներ; դասախոսական կազմ. մոտիվացիա, նորեկ դասախոսի ներածական փաթեթ, դասախոսը որպես հետազոտող; որակի ապահովումը և դասախոսը, սեփական աշխատանքի շարունակական հետազոտման կարևորությունը:
Երիտասարդ դասախոսներին նվիրված միջոցառումը կդառնա նաև շահակիցների երկխոսության ու հաջողված փորձով կիսվելու հարթակ: 
Միջոցառմանը կմասնակցեն երիտասարդ դասախոսներ, կրթության որակի պատասխանատուներ, կրթության կառավարիչներ, ուսանողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Որակի շաբաթվա երրորդ օրը նվիրված կլինի մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային  շրջանակի (ՈԱՇ) համապատասխանությանը: 
ՈԱԱԿ-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի հետ համագործակցությամբ փետրվարի 22-ին կկազմակերպի աշխատաժողով, որտեղ կներկայացվեն ALIGN ծրագրի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները:
Աշխատաժողովի ընթացքում ուսանողների, դասախոսների և կրթության կառավարիչների տեսանկյունից կքննարկվի կրթական ծրագրերի բարեփոխման անհրաժեշտությունը: Կշեշտադրվի հատկապես գնահատման բարելավումն որպես դասավանդման արդյունավետության գործիք: Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նաև Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում ծրագրի շահակից բուհերում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատման արդյունքները, ՈԱՇ-ի և վերջնարդյունքների համապատասխանեցման լավագույն փորձը,  գործընթացից քաղված դասերը:
Աշխատաժողովի ավարտին տեղացի ու միջազգային փորձագետները, ուսանողները և ՈԱԱԿ ներկայացուցիչները առաջարկ կներկայացնեն կառավարությանը ազգային մակարդակում մասնագիտության կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին: 
Որակի շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» թեմայով  երկօրյա համաժողովով, որը  տեղի կունենա փետրվարի 23-24-ին:
Ընթացիկ տարում մեկնարկելու է կլաստերային աուդիտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գործընթացը միտված է լինելու  մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին,  գնահատման համակարգի բարելավմանը և ոլորտի  ընդհանուր պատկերի հստակեցմանը:  ՈԱԱԿ-ը  կարևորում է  շահակիցների երկխոսությունը և  փորձի փոխանակումը, գիտակցում   գնահատման դերն որակի ապահովման գործընթացներում: Հաշվի առնելով նաև հանգամանքը, որ շահակիցների հետ քննարկումներում հատկապես շեշտվում է գնահատման համակարգի արդյունավետությունը և բարելավումը,  ՈԱԱԿ-ը որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրում է գնահատմանը:
Միջոցառման ընթացքում  անդրադարձ կկատարվի կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին, կներկայացվի կլաստերային աուդիտի գործընթացը, նպատակները, չափանիշները, ոլորտները:  Կլաստերային աուդիտի չափանիշները քննարկվեն նաև երկու աշխատաժողովների ընթացքում՝ փորձագետների և դասախոսների, դեկանների, ամբիոնների վարիչների մասնակցությամբ:
Աշխատաժողովներով անդրադարձ կկատարվի նաև  «Կրթական ծրագրերի վերանայում՝ գնահատման համակարգի բարելավման համատեքստում», «Դասավանդման բարելավում՝ գնահատման համակարգերի վերանայման միջոցով», «Ուսանողի առաջընթացի պլանավորում. գնահատման դերը» թեմաներին:
Տեղի կունենա շահակիցների քննարկում  «Ինչպիսի գնահատում է ակնկալում ուսանողն ուսումնական հաստատությունից» թեմայով:
Համաժողովի ընթացքում ոլորտի հեղինակավոր մասնագետները Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և  Ռուսաստանից կներկայացնեն կրթության որակի ապահովման իրենց երկրի լավագույն փորձը:
Կներկայացվեն նաև Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կազդարարվի ցանցի  գործունեության մեկնարկը:
Համաժողովի ընթացքում կլինեն նաև ստենդային ներկայացումներ նվիրված  կրթության ոլորտում նորարարությանը, դասավանդման և գնահատման նոր մեթոդների ներդրմանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից