Մշակվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ


Մշակվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ

  • 17-02-2017 11:44:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում մշակվել է ոլորտի զարգացման հայեցակարգ։ 
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, հայեցակարգում վեր են հանվել հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները՝ հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ քաղաքականության և ռազմավարության բացակայությունը, ինստիտուցիոնալ դաշտում առկա բացերը, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բացթողումները, սոցիալ-տնտեսական, ֆինանսական դաշտում առկա խնդիրները, պատասխանատու ներդրումների ներգրավման պակասը, պետական երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման բացակայությունը և այլն:
-Որպես առաջնային լուծում առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով ոլորտին առնչվող նախարարություններին, քաղաքացիական հասարակությանը, հանքարդյունաբերող ձեռնարկություններին, պոտենցիալ ներդրողներին, ազդակիր համայնքներին, միջազգային դոնոր կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին,- նշել է Շուշանիկ Քերոբյանը: 
Ոլորտի ռազմավարության մշակման նպատակով անհրաժեշտ է վերանայել տարբեր ժամանակահատվածներում ոլորտի վերաբերյալ արդեն իրականացված հետազոտությունները, կազմակերպել հանդիպում-հարցազրույցներ, կլոր սեղաններ, հանրային քննարկումներ,  ինչպես նաև ուսումնասիրել  միջազգային փորձը: 
Ռազմավարության մշակման համար, ըստ Շուշանիկ Քերոբյանի, անհրաժեշտ կլինի իրականացնել մեծ ծավալի աշխատանք, ինչը կներառի առաջիկա 5-10 տարիների ռազմավարական գործողությունները:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն