ՀՀԿ հիմնադիրը կոչ է անում ընդդիմադիրներին միավորվել իշխանափոխության հասնելու համար (տեսանյութ)



17-02-2017 15:38:53   | Հայաստան  |  Հասարակություն
«Կոչ եմ անում ընդդիմադիր ուժերին միավորվել, կազմել այնպիսի բռունցք, որը կկարողանա իշխանափոխության հասնել»,- փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես ընդդիմադիրներին դիմեց  Հայաստանի Հանրապետական կուսակցության 9 հիմնադիրներից մեկը` Կարապետ Կարապետյանը: 
 


Վերջինս խախտելով երկար տարիների լռությունը` որոշել է քաղաքականություն վերադառնալ և ձեռնամուխ լինել ժամանակին իր և ընկերների կողմից հիմնադրված Հանրապետական կուսակցության տապալմանն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում: 
Ըստ նրա` նման որոշում կայացրել է հատկապես 2016 թվականի հուլիսյան դեպքերից հետո, երբ «Սասնա Ծռեր» զինված խումբը գրավեց Էրեբունիում տեղակայված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շենքը: 
«Հուլիսյան դեպքերի ժամանակ ներկայիս իշխանությունների լկտիությունը հասավ այն աստիճան, որ նրանք տղաներին ահաբեկիչ անվանեցին և փորձեցին այդ հոդվածով դատել»,- ասաց Կ. Կարապետյանը` հավելելով, որ ներկայիս իշխանությունները հավասարության նշան են դրել իրենց և Աստծո միջև` համարելով, թե կարող են ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում են: 
ՀՀԿ հիմնադիրը հիշեցրեց, որ երբ ժամանակին ինքը և իր ընկերները, գրավելով  քաղկոմի շենքը, որոշել էին կոմունիստական վարչակազմին ցույց տալ, որ Հայաստանը ոչ թե Խորհրդային Ռուսաստանի մի մասն է, այլ հայ ժողովրդին պատկանող երկիր, նույնիսկ այդ դեպքում կոմունիստական վարչակազմը նրանց ահաբեկիչ չի որակել:  
Կ. Կարապետյանի պնդմամբ` ներկայիս հանրապետականները ոչ մի կապ չունեն այդ կուսակցության ժամանակին որդեգրած քաղաքականության հետ, ավելին` 1994 թվականից հետո ՀՀԿ-ի շարքերը համալրել են մարդիկ, որոնք բացարձակապես չեն առաջնորդվում կուսակցության հռչակագրում ամրագրված դրույթներով: 
Դիմելով Հանրապետական կուսակցության ղակավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՀԿ հիմնադիրը, մասնավորապես, նշեց. «Եթե ՀՀԿ հռչակագրում ընդգրկված հիմնադրույթներին միտումնավոր կերպով հետամուտ չեք լինում, ապա հանրապետական կուսակցության անունը կրելու իրավունք չունեք»: 
Նրա համոզմամբ` առաջիկա ընտրությունների հնարավորությունն օգտագործելով` ժողովուրդը պետք է իշխանության բերի այն ուժերին, որոնք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ նոր մոտեցումներ կդրսևորեն:   
Կ. Կարապետյանը որպես իրեն գաղափարակից և համակիր` համարում է «Հոգևոր Հայաստանին» և հատկապես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից