Հայաստանում ստեղծվում է էլեկտրոնային բժշկական գրադարան


Հայաստանում ստեղծվում է էլեկտրոնային բժշկական գրադարան

  • 17-02-2017 12:35:39   | Հայաստան  |  Հասարակություն

Ապագա բժիշկները շուտով հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ստեղծվում է էլեկտրոնային բժշկական գրադարան: Ծրագրի շրջանակներում կստեղծվի եռաբաղադրյալ էլեկտրոնային կայք:
 
Այն ունենալու է էլեկտրոնային գրադարան, հատուկ բաժիններում ներառված են լինելու փորձնական թեստեր և տեսանյութեր: Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական ուսանող իր ուրույն մուտքի ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային հարթակ և ըստ ուսումնական տարիների՝ համապատասխան գրականություն ստանալ: «Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ում ներառված ուսումնական թեստերի միջոցով ուսանողները կստուգեն և կամրապնդեն իրենց գիտելիքները: Կայքն ունենալու է նաև տեսադասընթացի բաժին, որտեղ զետեղված կլինեն օրինակելի դասախոսությունները, որոնք հնարավորություն կտան ցանկացած պահի վերհիշելու անհրաժեշտ նյութը:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ էլեկտրոնային բժշկական գրադարանը ուսանողների և կլինիկական օրդինատորների ուսումնական գործընթացը կդարձնի առավել դյուրին և մատչելի. «Մեր ուսանողները էլեկտրոնային գրադարանի շնորհիվ կկարողանան ձեռք բերել վերջին ժամանակների նորագույն գիտելիքներ, ինչը կնպաստի մեր հանրապետությունում բժշկագիտության զարգացմանը»: Ալեքս Հովհաննիսյանը փաստեց, որ ներկայումս համապատասխան նորագույն գրականության դժվարամատչելիության պարագայում ուսանողները շատ դեպքերում կարդում են հին գրքեր, որի պատճառով ուսման արդյունավետությունն իջնում է: Ուստի էլեկտրոնային այս հարթակի ստեղծումը լուծելու է նաև այդ խնդիրը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն