Դոնալդ Թրամփը ստիպված է փոխել որդեգրած քաղաքական փիլիսոփայությունը և գնալ զիջումների. փորձագետ (տեսանյութ)


Դոնալդ Թրամփը ստիպված է փոխել որդեգրած քաղաքական փիլիսոփայությունը և գնալ զիջումների. փորձագետ (տեսանյութ)

  • 17-02-2017 17:42:04   | Հայաստան  |  Հասարակություն



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է փոխել որդեգրած քաղաքական փիլիսոփայությունը և գնալ զիջումների: Նման կարծիք փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, «Forbes»,  «The National Interest»,  «Россия в глобальной политике»,  «Международная жизнь» ամսագրերի թղթակից, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ,  «American Studies» գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար Արեգ Գալստյանը`  անդրադառնալով ԱՄՆ նախագահի կառավարման մեկամսյա ժամկետի արդյունքներին: 
 
Ըստ նրա` ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականից հետո Դ. Թրամփը գտնվում է շատ ուժեղ ճնշման ներքո և ստեղծված իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ ունի. «Կամ Թրամփը կգնա որոշակի զիջումների և կսկսի խորհրդակցել իր կուսակցության ղեկավարության հետ` կատարելով նաև դեմոկրատական կուսակցության պահանջները` այդպիսով  դադարելով հանդես գալ գերագույն նախագահի դերում, ով թքած ունի հանրային կարծիքի և ԶԼՄ-ների վրա, կհամակերպվի այն կանոնների հետ, որոնց պետք է հետևի ԱՄՆ նախագահը, կամ բանը կհասնի նրան, որ Թրամփին մեղադրանք կառաջադրվի կոնգրեսի կողմից, որը կլինի առաջին քայլը նրան պաշտոնանկ անելու ճանապարհին»,- ասաց նա` ընդգծելով, որ ԱՄՆ նախագահը որպես գործարար` կգնահատի բոլոր ռիսկերը և կընտրի առաջին տարբերակը: 
Ա. Գալստյանի կարծիքով` այդ մասին վկայում է Դ. Թրամփի մեղմ հռետորաբանությունը շատ հարցերի վերաբերյալ, ինչպիսին են օրինակ` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման, միգրանտների ընդունման հարցերը: 
Փորձագետի խոսքերով` կառավարման մեկ ամիսների ընթացքում Դ. Թրամփը ստորագրել է 26 հրամանագիր, որոնցից 24-ն արգելափակվել են, ընդ որում դրանցից երկուսը արգելափակել է Գերագույն դատարանը, հետևաբար նա այլ տարբերակ չունի, քան զիջումների գնալը: 
«Թրամփը հիմա ստիպված է պաշտպանվել, հետևաբար անում է հայտարարություններ, որոնք նախկինում չէր անի: Նա, մասնավորապես, արդեն հայտարարում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման պայմանը Ղրիմի վերադարձն է Ուկրաինայի կազմ և հրադադարի ռեժիմի հաստատումն Ուկրաինայի արևելքում »,- ասաց Ա. Գալստյանը:
Վերջինս անդրադառնալով ստեղծված իրավիճակում հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեությանը, նշեց, որ վերջիններս նախընտրական շրջանում առանձնակի հետաքրքրություն չեն ցուցաբերել ընտրությունների նկատմամբ, քանի որ այլ ռազմավարություն են որդեգրել: 
Ա. Գալստյանն անհասկանալի համարեց այն, որ հայկական լոբբիստական կազմակերպություններն այլևս ուշադրություն դարձնելով կոնգրեսի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը, միաժամանակ օրերս նամակ են հղել ԱՄՆ նախագահին` կոչ անելով վերջինիս ապրիլի 24-ին հստակ դիրքորոշում հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 
Բանախոսի համոզմամբ` Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կողմից չի ճանաչվի այնքան ժամանակ, քանի դեռ այն քաղաքական հարթությունում է և որպես գործիք` օգտագործվում է Թուրքիայի դեմ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն