Որոնք են «Ծառուկյան դաշինքի» 15 առաջնահերթ քայլերը (տեսանյութ)


Որոնք են «Ծառուկյան դաշինքի» 15 առաջնահերթ քայլերը (տեսանյութ)

  • 17-02-2017 16:07:27   | Հայաստան  |  Քաղաքական



ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հայտարարությունում նշվել է  «Ծառուկյան դաշինքի» 15 առաջնահերթ քայլերը: 

Ստորեւ ներկայացնում ենք դրանք.
 
1. Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազար դրամով և պարբերաբար ինդեքսավորել:
2.2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: 
3.Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից:
4.Առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:
5.Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:
6.Պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին: Գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը:
7.«Ծառուկյան »  դաշինքի կողմից ձևավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի և կարմիր գծերի վերացումը:
8.Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և  դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները: Իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել։  
9.Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ  սահմանին 1000մ3 գազը ՀՀ-ն  ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն երկու անգամ բարձր գնով:
10.Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ  մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 %-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) և ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ: 
11.Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված,  « հսկիչների »  կիրառումը:
12.Գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ:
13.Առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝  սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց  հասանելիք   սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել։  
14.Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմը՝ հօգուտ պետական բյուջեի:
15.Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը  չվճարելու պատճառով չպետք է  զրկվի կրթություն ստանալու իրավունքից:
 
Տեսանյութը՝ Կենտրոն TV-i
 
Նոյյան տապան  -   Քաղաքական