Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին

17-02-2017 16:22:45   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) Հանրապետական խորհուրդը փետրվարի 16-ին, իր լիազորությունների սահմաններում, որոշեց չմասնակցել ապրիլին կայանալիք միջոցառմանը՝ խորհրդարանական ընտրություններին: Պատճառները հիմնավոր են, սակայն այսօր զերծ կմնանք դրանք հրապարակելուց, որպեսզի ոմանց չթվա, թե արդարացում ենք փնտրում: Ապրիլյան միջոցառման վերաբերյալ քաղաքական և բարոյական մեր գնահատականները կներկայացնենք ընտրությունների ավարտին:
 


Մինչ այդ, ՀԴԿ կառույցները, մեր համակիրները կստեղծեն փաստահավաք խմբեր, որոնց առաքելությունը կլինի արձանագրել ընտրական գործընթացի հակաիրավական, հոռի երևույթները:
 
Ափսոսանք հարուցող հիմնական հարցն այն է, որ մեր կուսակցության գլխավոր խնդիրն էր՝ գալով իշխանության, կազմաքանդել առկա տնտեսական, սոցիալական և քաղաքական համակարգը և քայլ առ քայլ ձևավորել հասարակական հարաբերությունների և կառավարման արդար համակարգ, ինչը ընտրապայքարին մասնակից որևէ այլ քաղաքական ուժ, որպես նպատակ, չի հռչակել: Ընդամենը խոսվում է իշխանափոխության և մի քիչ էլ համակարգի ձևափոխման մասին:
Կուզենայինք, որ ժողովրդավարական սկզբունքներ դավանող քաղաքական միավորները հաջողություն ունենային, սակայն առկա արգելանքները և ՀՀ ընտրական օրենսգրքում ներդրված ականները վիճակը շտկելու որևէ առաջընթաց թույլ չեն տալու:
 
Հայաստանի դեմոկրատական կուսակցության 
Հանրապետական խորհուրդ
17.02.2017թ.
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից