Վարչապետն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» ընկերության գործադիր գործընկեր Մարկ Հենիին

17-02-2017 16:48:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին: Ընկերությունն աշխարհում խոշորագույն՝ աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում:
 

Վարչապետը ողջունել է 2007 թ. ի վեր PwC-ի հետ ծավալված գործակցությունը և կարևորել մեր երկրում ընկերության գործունեության հետագա ընդլայնումը:
Գոհունակություն հայտնելով հայաստանյան գործընկերների հետ համագործակցության կապակցությամբ՝ Մարկ Հենին այն ակտիվացնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել:   
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանը ներդրումային տեսանկյունից ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլեր է ձեռնարկում և բաց է քննարկումների համար: Կարեն Կարապետյանն առաջարկել է գործընկեր գերատեսչությունների, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից