Տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը


Տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

  • 17-02-2017 16:50:20   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր՝ փետրվարի 17-ին, տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 2 հարց:
 
Օրակարգային 1-ին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցների կարգավիճակին: Հարցի մասին զեկուցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել հանրապետությունում գործող բոլոր մարզադպրոցների գերատեսչական պատկանելության, կարգավիճակի և այնտեղ իրականացվող ուսումնամարզական գործընթացների վերաբերյալ: «Բոլոր մարզադպրոցներում ուսումնամարզական պրոցեսները պետք է իրականացվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վերահսկողությամբ: Միայն այդպես հնարավոր կլինի խոսել մանկապատանեկան սպորտի զարգացման և արդյունքում՝ մեծ սպորտում լավ արդյունքներ ունենալու մասին: Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է 176 մարզադպրոց, որից միայն 24-ն են մեր ենթակայության: Մտահոգությունը, որ ունենք մարզադպրոցների հետ կապված, վերաբերում է բոլորին՝ անկախ պատկանելությունից»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
 
 
Նախարարը խնդրել է ներկաներին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ մարզադպրոցներում առկա խնդիրների վերհանման, դրանց լուծման տարբերակների և հնարավոր ուղիների վերաբերյալ:
 
 
 
Նիստի օրակարգային 2-րդ հարցը վերաբերում էր խաղային մարզաձևերի (վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, ֆուտբոլ) համապատասխան բազաներ չունեցող մարզադպրոցների կողմից հանրակրթական դպրոցների մարզադահլիճների օգտագործման և այդ առիթով առաջացող խնդիրների մասին: Հարցը ներկայացրել է «Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը: Նախարարը խոստացել է հարցը քննարկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ և արդյունքները ներկայացնել հասարակական խորհրդի հաջորդ նիստի ժամանակ:
Նոյյան տապան  -   Սպորտ