Շարունակվում են մարզաձևերի մասսայականացման նպատակով անցկացվող քննարկումները

17-02-2017 17:16:49   | Հայաստան  |  Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում շարունակվում են մարզաձևերի մասսայականացման նպատակով անցկացվող քննարկումները: Փետրվարի 17-ին հրավիրված քննարկմանը, որը վարել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, մասնակցել են խոտի հոկեյի հայկական ֆեդերացիայի, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի և Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի ներկայացուցիչները:
Նախարարի տեղակալը ներկաներին հորդորել է մտածել ոչ միայն իրենց մարզաձևերում սպորտի բարձր նվաճումների հասնելու, այլ նաև այդ մարզաձևերի մասսայականացման ուղղությամբ: Խոսքն ուղղելով խոտի հոկեյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ Գ. Ղազարյանն առաջարկել է ՀՀ բոլոր մարզերում անցկացնել դիտարկումներ՝ խոտի հոկեյով զբաղվելու նպատակով մարզադաշտերի և մարզադահլիճների հնարավորությունները գնահատելու համար: «Հնարավորության դեպքում անհրաժեշտ է օգտագործել նաև բակային տարածքները»,- ասել է նախարարի տեղակալը: 
 


Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար և, որպես ուշու մարզաձևի մասսայականացման տարբերակ, իր պատրաստակամությունն առաջարկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Կյանքը՝ սպորտի ռիթմով» նախագծի ժամանակ անցկացնել ուշուի մարզումներ:
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի ներկայացուցիչների կարծիքով՝ մարզաձևի մասսայականացմանը մեծապես կնպաստի այս մարզաձևը հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի դասաժամերին դասավանդելը: «Հետաքրքիր առաջարկություն է, հնարավոր է՝ այս հարցը քննարկվի ՀՀ կրթության և գիտության նախարարության մեր գործընկերների հետ»,- ասել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և ավելացրել, որ բացի այս առաջարկից՝ քննարկմանը մասնակցող մյուս ֆեդերացիաների ներկայացուցիչները նույնպես կարող են երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց մարզաձևերի մասսայականացման համար անհրաժեշտ առաջարկությունների ծրագիր:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից