Հանրային խորհրդում քննարկել են գիտատեխնիկական գրադարանի հետագա գործունեության հարցը


Հանրային խորհրդում քննարկել են գիտատեխնիկական գրադարանի հետագա գործունեության հարցը

  • 17-02-2017 17:26:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

  ՀՀ կառավարության կողմից իրականացվող օպտիմալացման ծրագրի շրջանակներում որոշում է կայացվել դադարեցնել ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գործունեությունը, իսկ դրա վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի գործառույթները փոխանցել Ազգային գրադարանին, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին, ՀՀ մշակույթի նախարարությանը կամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային: Սակայն գրադարանի կոլեկտիվը և ոլորտի բազմաթիվ մասնագետներ գտնում են, որ դա կվնասի գրադարանի գործունեությանը, կարժեզրկի այն և առհասարակ, մեծ վնաս կհասցնի գիտությանը:
 
    Գրադարանի տնօրինության կարծիքով, խնդրի խոհեմ լուծում կլինի գրադարանին ինքնուրույն իրավաբանական անձի կարգավիճակ տալը և կառավարման լիազորությունները անմիջապես ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնելը: Գրադարանի աշխատակիցները դիմել են Հանրային խորհուրդ՝ ակնկալելով խնդրի համակողմանի քննարկման արդյունքում գտնել լավագույն լուծումը և ներկայացնել ՀՀ կառավարություն:
    Կիսելով գրադարանի տնօրինության մտահոգությունները և հարցն ուսումնասիրելու նպատակով՝ ՀԽ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ ՀԽ անդամ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի ղեկավարությամբ:
    Ս.թ. փետրվարի 16-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ, գրադարանի տնօրեն Լևոն Ղարիբյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ, մատենագետներ:
    Գրադարանի տնօրենը ներկայացրել է շուրջ կեսդարյա պատմություն ունեցող գրադարանի գործունեությունը և մտահոգություն հայտնել գրադարանի ապագայի վերաբերյալ: Նրա կարծիքով, խնդիրը գրադարանային ոլորտի մասնագիտական առանձնահատկությունների անտեսման պայմաններում լուծելու դեպքում մեր պետությանը հասցված նյութական և բարոյական վնասը շատ ավելին կլինի և կհանգեցնի անցանկալի հետևանքների: Գրադարանի տնօրենը գտնում է, որ եթե կա գրադարանների օպտիմալացման խնդիր, ապա դա պետք է համակարգային ձևով իրականացվի:
    Հանրային խորհրդի նախագահն ու ՀԽ անդամները նույնպես գտել են, որ գրադարանի պահպանման և դրա արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է նախևառաջ ապահովել գրադարանի առանձին կարգավիճակը, ինչպես նաև չլուծարել մարզային 4 մասնաճյուղերը, որի վերաբերյալ նույնպես կառավարությունում քննարկումներ են ընթանում: Կարևորվել է նաև գրադարանի շենքային տարածքները պահպանելու հարցը: Միաժամանակ քննարկվել է գրադարանի գործունեությունն արդիականացնելու անհրաժեշտությունը:
    Քննարկման արդյունքում կողմերը եկել են այն եզրակացության, որ գրադարանի պահպանման և արդյունավետ գործունեության լավագույն լուծումը դրա կառավարման լիազորությունները ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնելն է, որի կազմում գրադարանը կգործի՝ իբրև առանձին միավոր:
    Որոշվել է այս առաջարկների վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ և ներկայացնել ՀՀ կառավարություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն