Գիրք նվիրելու կապակցությամբ ժամանակակից գրողներն այցելելու են դպրոցներ, գրադարաններ և զորամասեր


Գիրք նվիրելու կապակցությամբ ժամանակակից գրողներն այցելելու են դպրոցներ, գրադարաններ և զորամասեր

  • 18-02-2017 15:00:20   | Հայաստան  |  Հասարակություն

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում փետրվարի 19-ը` հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Այս կապակցությամբ Հայաստանի Գրողների միության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ժամանակակից հայ գրողներն ինչպես Երևանում, այնպես էլ Լոռիում, Շիրակում և այլ մարզերում այցելելու են դպրոցներ, գրադարաններ և զորամասեր: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ժամանակակից գրողների այցելությունները կմեկնարկեն փետրվարի 19-ին և կշարունակվեն մինչև 20-ը: 
 
Անձամբ Է. Միլիտոնյանը երկուշաբթի այցելելու է Դ. Վարուժանի և Ա. Չեխովի անվան դպրոցներ` իր հետ տանելով շուրջ 50 գիրք: 
«Փետրվարի 19-ը կիրակի է, ուստի Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ որոշեցինք դպրոցներ այցելություններն իրականացնել փետրվարի 20-ին. Երևանում ժամանակակից գրողներն այցելելու են մոտ 22 դպրոց, իսկ մարզերում` նաև զորամասեր և գրադարաններ, այդպիսով` խնկարկելով հայ գրականությունը»,- ասաց նա` հավելելով, որ փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր հռչակելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի գրողների միությանը, որը շարունակական է լինելու: 
Կարևորելով լավ գրքի դերը մարդու կյանքում, հատկապես դպրոցական տարիքում` Է. Միլիտոնյանը նշեց, որ հանրակրթական դպրոցներում պետք է գրականության դասագրքերն ընդլայնվեն ժամանակակից գրողների ստեղծագործություններով, որպեսզի աշակերտները ծանոթանան նաև ներկայիս ժամանակների մարդկային պատմություններին, վարքերին ու բարքերին: 
Նրա բնորոշմամբ` ընթերցանությունը մեծ ուրախություն է, աշխարհի գաղտնիքների հետ հաղորդակցվելու լավ հնարավորություն, քանի որ գիրքը հսկայական գիտելիքներ, թաքնված ապրումներ պարունակող մի միջոց է, որի հետ առնչվող յուրաքանչյուր ոք կարող է բացահայտել ոչ միայն աշխարհը, այլև տվյալ հեղինակի հոգեբանությունը: 
Անդրադառնալով ամենայն հայոց մեծ բանաստեղծին` ՀՀ գրողների միության նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հովհաննես Թումանյանը հայոց ինքնության ճանաչման ամենաբարձր գագաթներից է, որի գրվածքներում ամբարված է հայ ժողովրդի պատմությունն ու հոգեբանությունը: 
Նրա կարծիքով` փետրվարի 19-ին միմյանց գիրք նվիրելը մեծ շնորհակալություն, փառք ու պատիվ է Հովհ. Թումանյանին: 
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյան իր հերթին փաստեց, որ տարեց տարի ավելանում են գրքի բարեկամները, այսինքն` գիրք ընթերցողները, ինչին նպաստում է նաև ժամանակակից գրողների պարբերական հանդիպումներն աշակերտների հետ: 
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շատ պրոցներ կան, որոնք կրում են հայ դասականների անունները և, բնականաբար, պարտադիր միջոցառումներ են ամեն տարի կազմակերպվում նվիրված անվանատուին: Դա, իհարկե քիչ է գրողներին ծանոթանալու համար, ուստի բազմաբնույթ ու բովանդակալից միջոցառումներ են կազմակերպվում մեր դպրոցներում երեխաներին գրքին մոտեցնելու համար»,- ասաց նա` հավելելով, որ նմանատիպ գրական միջոցառումներ անցկացվում են նաև Երևանի այգիներում ու պուրակներում:   
Տեղեկացնենք նաև, որ 2016 թվականի ընթացքում Հայաստանի Գրողների միության միջոցառումները լուսաբանելու համար Է. Միլիտոնյանը պատվոգրեր շնորհեց մի շարք լրատվության միջոցների ներկայացուցիչների: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն